Սպանված դիվերսանտները, վիրտուալ Ադրբեջանն ու գեներալ Աքպերովի հերթական սուտը. hetq.am

Hetq.am-ը գրում է. ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի սադրած միջադեպերի հետեւանքով շուրջ 30 ադրբեջանցի զինվորների մահը կարծես թե դարձել է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ցնցակաթվածի պատճառ:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելիս ՊԲ դիրքապահների կողմից ոչնչացվեցին գրեթե մեկ տասնյակ ադրբեջանցի հատուկջոկատայիններ, Ադրբեջանի ղեկավարության ծայրահեղ շփոթմունքի մասին հուշում էր այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավի տարօրինակ լռությունը: Ակներեւ էր, որ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումներին նախօրեին ԼՂՀ ՊԲ թիկունք անցնելու հրաման տված ադրբեջանական ղեկավարության բոլոր հաշվարկները ձախողվել էին. ԼՂՀ տարածք անցնելու եւ դիվերսիոն-հետախուզական հաջող գործողությունների փոխարեն ադրբեջանցի դիվերսանտները ստիպված եղան խուճապահար նահանջել՝ մարտադաշտից մի կերպ հանելով սպանվածների մարմիններն ու թողնելով գրեթե ողջ սպառազինությունն ու հանդերձանքը: Սակայն, չնայած պաշտոնական Բաքվի քար լռությանը, իրականությունը կոծկելն անհնար էր. ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից հանրությանը գուժեցին ընտիր ասկյարների ոչնչացման լուրը:

Պաշտոնական առաջին արձագանքը եղավ միայն հաջորդ օրը երեկոյան, երբ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, գլխիվայր շրջելով փաստերը, հաղորդեց, որ ՊԲ հետախուզական ստորաբաժանումների դիվերսիոն-հետախուզական գործողությունը կասեցնելիս զոհվել է 5 ադրբեջանցի զինծառայող: Սուտն այնքան աչք ծակող էր, որ հարուցեց անգամ ադրբեջանական փորձագիտական հանրության տարակուսանքը:

«Ես չեմ հավատում մեր պաշտպանության նախարարությանը,- լրատվամիջոցներին ասել էր ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը,- բոլորը գիտեն, որ հարձակվող կողմը միշտ ավելի շատ զոհեր է ունենում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է լուրջ հետաքնննություն՝ պաշտպանության նախարարության ընդգրկմամբ»:

Որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակասելով ինքն իրեն, հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորները զոհվել են եռօրյա համառ մարտերի ընթացքում: Այդ պահից սկսած ադրբեջանական բանակի գործողությունները սկսեցին ընթանալ երկու զուգահեռ իրականություններում: Իրականություններից առաջինում կարելի է համոզված պնդել, որ ադրբեջանական բանակը ստացել էր դեռեւ ս հուլիսի 28-ին դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինակիցների դիմաց ամեն գնով վրեժխնդիր լինելու առաջադրանք:

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կենտրոնական ենթակայության հատուկ նշանակության բրիգադներից մեկի դիվերսիոն-հետախուզական խումբը փորձեց Մարտակերտի հատվածում ներթափանցել ՊԲ ստորաբաժանումների թիկունք: Հայտնվելով մեր դիրքապահների ծուղակում՝ խումբը տվեց 6 զոհ եւ 7 վիրավոր ու ստիպված եղավ ճողոպրել՝ մարտադաշտում թողնելով մեծաքանակ հանդերձանք եւ սպառազինություն:

Նույն օրը Ասկերանի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած հատուկ կանխարգելիչ գործողության շնորհիվ շարքից դուրս են եկել հակառակորդի 16 զինծառայող՝ 9 սպանված, 7 վիրավոր:

Հակառակորդը նշանակալի կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղաադրբեջանական սահմանների մյուս ուղղություններում:

Մյուս՝ վիրտուալ իրականության մեջ փաստերը պարզապես նենգափոխվել են: Դիվերսիոն-հետախուզական գործողությունների ձախողված փորձերի հետեւանքով ունեցած երեք տասնյակ ասկյարների մահերը սեփական հանրության աչքերում արդարացնելոււ համար հակառակորդը ձեռնարկել է տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողություններ՝ փորձելով ադրբեջանական ժողովրդին համոզել, որ 1994 թ. հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ կորուստներն ադրբեջանական բանակն ունեցել է հայկական ստորաբաժանումների դեմ մղված թեժ մարտերի ընթացքում: Այդ նպատակով պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող լրատվամիջոցները սկսել են ռազմահայրենասիրական քարոզարշավ: Ադրբեջանական լրատվամիջոցների վերնագրերը հիշեցնում են պատերազմական ամփոփագրեր, ընդ որում, զգացվում է, որ, ջանադրաբար կատարելով «վերեւ ների» հրահանգը, ադրբեջանցի հեղինակներն առանձնապես չեն մտահոգվում անգամ իրենց քարոզչական արտադրանքի արժանահավատության մասին:

Սուրեն Սարումյան
Ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս