Դովեղի գյուղապետ.  «Ընտանիքիս և երեք երեխաներիս  հետ Դովեղում եմ»

Կողբ գյուղից սահմանամերձ Դովեղ եմ գնում: Հուլիսի 30-ի ողջ գիշերը գյուղը գնդակոծվել էր ադրբեջանական հենակետերից:  Մեքենայի ռադիոընդունիչից առույգ ձայն է հնչում. «Թարմ ձուկ և ձկնկիթ` Ալյասկայից. կզարդարեն ձեր տոնական սեղանները»: Վարորդն անջատում է ռադիոընդունիչը:

Դովեղը փոքրիկ, սահմանամերձ գյուղ է, որն, ըստ գյուղապետի, ունի 690  բնակիչ: Գյուղապետարանը  գյուղի կենտրոնում է` «գյուղամեջում»: Այդտեղ է նաև մանկապարտեզը: Գյուղապետարանի և մանկապարտեզի շենքերն ուղիղ հակառակորդի նշանառության տակ են: Գյուղապետ Սամվել Գորգինյանն անգամ մեկ բառ չի ասում, որ ողջ գիշեր գյուղը գնդակոծվել է` թեև Կողբում պայթյունի ու կրակահերթի ձայնը ողջ գիշեր և անգամ առավոտյան մատույցներում լսվում էր:

dovex2

Դովեղեցի Ղազարոս պապիկն էլ գյուղապետարան էր եկել ոչ թե իր  կամ ընտանիքի անվտանգության մտահոգությամբ, այլ համառորեն  փորձում էր ճշտել, թե ոռոգման ջրի խնդիրը երբ է լուծվելու:

Գյուղապետարանի չափազանց, ծայրահեղ համեստ շենքը մտնելիս  հիշեցի մեր պատգամավորներին, որոնք  «ընտրվելուց»  հետո սկսել էին իրենց աշխատեսենյակների վերանորոգումը, կահավորումը: Մեկ այլ առիթով թերևս մանրամասն կներկայացնեի գյուղապետի աշխատասենյակը, գյուղապետարանի աշխատակիցներին,  բայց ոչ հիմա:

 -Պարոն Գորգինյան, Դովեղը հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող գյուղերից մեկն է: Սահմանային միջադեպերը, վերջին օրերի անընդմեջ կրակահերթերը, գնդակոծությունները թերևս  ստիպում են մտածել Հանրային խորհրդի նախագահի առաջարկի մասին` զինել սահմանամերձ գյուղի բնակիչներին:

-Իմ համոզմունքը սա է. այսօր մեր զինված ուժերն ի վիճակի են պաշտպանելու մեր անվտանգությունը: Զինվելու մասին կարող ենք մտածել, եթե, Աստված մի արասցե, աշխարհազորի կամ տեղի բնակիչների մասնակցությունը պետք լինի… Երկրի պաշտպանությանը փորձը ցույց է տալիս, որ նման դեպքում ոչ միայն սահմանամերձ գյուղի բնակիչները, նաև երկրի խորքում ապրող մարդիկ զենք են վերցրել և եկել սահմանները պաշտպանելու: Եթե այսօր զինենք խաղաղ բնակիչներին, ապա կարող է խուճապ առաջանալ, հոգեբանական ճնշում, թե` էս ի՞նչ պատահեց մեր բանակին, որ այսօր բոլորիս  զինում են: Բայց այն, որ սահմանի գյուղի բնակիչները պետք է միշտ պատրաստ լինեն, զենքի տիրապետեն, անհրաժեշտության դեպքում կարողանան  ոչ թե տարերայնորեն, այլ կազմակերպված ձևով համալրում անեն, դրան, միանշանակորեն, կողմ եմ, որովհետև  բոլորս գիտենք` այսօրվա խաղաղությունը վերջնական չէ:

-Դովեղը փոքր գյուղ է և հակառակորդի նշանառության տակ: Այստեղ գրեթե ողջ տարին կրակոցներ են հնչում, այս գիշեր արդեն վիճակն առավել լարվել է: Զարմանալի էր, սակայն բնակիչները կրակոցների, գնդակոծության մասին խոսում են  առանց խուճապի, նույնիսկ`  անտարբեր:

– Մեզ մոտ խուճապ չի կարող լինել, որովհետև գյուղացիները գիտեն` սահմանամերձ գյուղերում կրակոցները սովորական են:

Բնակիչները, փաստորեն, չեն կարողանում դաշտեր, այգիներ գնալ. հենց այս գիշեր էլ հակառակորդի դիպուկահարները կրակել են և թույլ չեն տվել գյուղացիներին` խաղողի իրենց բերքը հավաքել: Ի դեպ, գյուղացիները պատմում էին, որ այս տարվա բերքն առատ է: Արարատյան դաշտավայրում, Շիրակում կարկուտը, ցրտահարությունները փչացրեցին բերքի մեծ մասը:

-Չէ, մեր սուրբ Սարգիսը մեզ պաշտպանեց:

-Բայց  լոռեցիները այնքան  հավատացյալ չեն` Բարձրյալի կամ սրբերի վրա հույս դնելու համար:

-Լոռեցիները ոչ թե հավատացյալ չեն, այլ ցուցադրական հավատը չեն սիրում: Մեր հավատը մեր մեջ է: Տեսեք` ինչ լավն է մեր այստեղի ժողովուրդը: Եթե Դուք այստեղի աղջիկ եք (արմատներով ինքս Նոյեմբերյանից եմ, Կողբ գյուղից-Լ.Ա.), պիտի քաջատեղյակ լինեք մեր սուրբ Սարգսի մասին:

-Քաջատեղյակ եմ այլ սրբի` «սուրբ» Հովհաննեսի մասին, Հովհաննես Աբովյանի` ներկայիս մարզպետի…

-Այդ եկեղեցին շատ մեծ ու հարգանքի արժանի կառույց է: Եթե մի մարդ լավ բան է անում, քննադատողները պիտի իմանան` իրենց այս երկրի համար մատը մատին տվե՞լ են: Գործ անող մարդը հնարավոր չէ, որ թերություններ չունենա:

-Լավ գործի հիմքում ազնիվ միջոցներն են, ազնիվ փողերը: Երբ որևէ մեկը օլիգարխի, հարկայինում երկար տարիներ աշխատած մեծահարուստի կողմից բարի գործ է տեսնում, անմիջապես հետաքրքրվում է` ի՞նչ միջոցներով եք անում ձեր բարի գործերը` չմուծած հարկերի՞, տնտեսական մենաշնորհների՞… Թեև հիմա նրանք բոլորը տասներորդ պլանում են:  Կարևորը սահմանամերձ գյուղերի բնակիչներն են ու մեր զինվորները…

-Սահմանամերձ գյուղը ապահովագրված չէ կրակոցներից: Բերդավանը, Դովեղը, Բարեկամավանը, Կոթին, Բաղանիսը, Ոսկեպարը, Ոսկեվանը սահամնային գյուղեր են ու մենք այստեղ որ ապրում ենք, գիտակցում ենք, որ սահմանին ենք ապրում, ուր ամեն րոպե կրակոցներ հնարավոր են: Դովեղը սահմանակից է ադրբեջանական Քամառլու գյուղի հետ: Սահմանին ապրող մարդիկ ամենաշատն ուզում են խաղաղություն: Անձամբ ես ուզում եմ, որ իմ երեք երեխաները, խաղաղ մեծանան: Բայց մի բան գիտեմ, որ այդ խաղաղությունը չպետք է լինի մեր ձեռքբերումների հաշվին, այն ձեռքբերման, որը դարերի ընթացքում հազարից մեկ գրանցել ենք` Ղարաբաղի հաշվին: Խաղաղությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի Ղարաբաղի, ՀՀ սահմանները լինեն անվտանգ: Իմացեք, մենք բոլորս  սահմանին կանգնած ենք, բոլորս պաշտպանում ենք մեր սահմանը, և դա անելու ենք մինչև վերջ:

Հ.Գ. Դովեղում կրակահերթերը լսվում են պարբերաբար: Եվ այդ կրակահերթերի տակ արդեն ավարտին են մոտենում գյուղապետարանի առաջին հարկում հարսանյաց հանդիսությունների համար նախատեսված սրահի  կահավորման աշխատանքները: Ամուսնության պատրաստվող դովեղեցիների համար…

Տեսանյութեր

Լրահոս