Վարդավառն այս տարի տոնում են հուլիսի 27-ին
Վարդավառը հեթանոս հայերի ամենասիրելի տոներից մեկն է եղել և նվիրված է եղել Աստղիկ աստվածուհուն: Ինչպես շատ հեթանոսական տոներ, Վարդավառն էլ վերանվանվել է Պայծառակերպության և Այլակերպության տոն քրիստոնեության ընդունումից հետո, սակայն պահպանվել է նաև Վարդավառ անվանումը: Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։
Տոնի օրը շարժական է, տոնվում է Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը, 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը: Այս տարի այն տոնվում է հուլիսի 27-ին:
Հին հայկական ավանդազրույցներում բազմաթիվ պատումներ կան նվիրված Աստղիկ աստվածուհուն, որոնք պարզաբանում են Վարդավառի իմաստը.
1. Գերագույն աստված Արամազդը` կասկածելով, թե իր երկվորյակը հետագայում կարող է իրեն մրցակից դառնալ, սպանում է նրան ու գցում ծովը: Թափված արյունից ծովը փրփրում է, և սպիտակաթույր, փոթորկահույզ ալիքներից ծնվում է Աստղիկը: Դիցուհին ծովից դուրս է գալիս և որտեղով որ անցնում էր, ոտքերից կաթկթացող արյունից վարդեր էին աճում: Եվ պատահական չէր, որ նրան անվանում էին «վարդամատն», «վարդածղի»: Իսկ սիրո և գեղեցկության աստվածուհուն նվիրված տոնը կոչվում էր «Վարդավառ», ինչը նշանակում է՝ ջուր ցանել, սրսկել:
2. Ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին: Արդյունքում՝ խավար է իջնում արիների հողի վրա, վերանում է սերը, գլուխ բարձրացնում ատելությունը, մարդիկ դառնում են կոպիտ, չար և անհանդուրժողական: Վիշապաքաղ Վահագնը կարողանում է թափանցել ստորերկրյա թագավորություն, հաղթել վիշապին և ազատել գեղեցկուհի Աստղիկին: Նրա ժպիտից նորից դուրս է գալիս արեգակը, ծաղկում են ծաղիկները: Ուր որ Աստղիկը ոտք էր դնում, այնտեղ վարդեր էին բացվում: Սիրո աստվածուհին վարդաջուր է ցողում Հայոց աշխարհի վրա, վարդավառ սարքում, և մարդկանց մոտ նորից վերադառնում է սերը:
3. Մի անգամ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալ Վահագնը ծանր վիրավորվել է, և նա բոբիկ վազում է նրա մոտ: Ճանապարհին, վազելով վարդենիների միջով, վիրավորվում են չքնաղ Աստղիկի ոտքերը` նրա արյունով ներկելով վարդերը: Այդ օրվանից կարմիր վարդը Հայաստանում սիրո խորհրդանիշ է համարվում:
Տոնին Աստղիկին ընծայաբերել են ծաղիկներ, հատկապես՝ վարդեր, թռցրել են աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում: Միաժամանակ ծառերի դալար ոստերով զարդարել են տները, ծաղկեփնջեր նվիրել միմյանց, ջրախաղեր, զվարճություններ, խնջույքներ կազմակերպել, և այլն: Այն սովորաբար անցկացվում էր հուլիսի 22-ից հետո առաջին կիրակի օրը:
Ըստ հետքրիստոնեական ավանդության` ջրցողումը կապված էր Ջրհեղեղի հետ, իսկ Աստղիկը Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրն էր: Ամեն դեպքում, տոնի արարողական մասի հիմնական խորհրդանիշը սրբագործումն է:
Քրիստոնեական աղբյուրներում ասվում է նաև, որ Տիրոջ Պայծառակերպության տոնին միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը 5000 տարվա պատմություն ունի, որի վերաբերյալ կա մի հին ավանդույթ, որ, թերևս, սկզբնավորվել է ջրհեղեղը վերապրած մարդկության միջավայրում: Վարդավառի տոնը կապվում է Ջրհեղեղի և Նոյի տապանից իջնելու հետ, իսկ միմյանց վրա ջուր ցանելը, աղավնի բաց թողնելը դիտվում է՝ իբրև Ջրհեղեղն ու նրանից ազատվելը հիշատակող կամ խորհրդաբանող արարողություն:
Վարդավառ անվանումը բացատրելով՝ սբ. Գրիգոր Նարեկացին ասում է, որ Քրիստոսը պայծառակերպության ժամանակ վարդի պես բացվեց՝ ցույց տալով Իր աստվածությունը.
Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից:
Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային:
Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին,
Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին:
«Վարդավառ» բառի խորհուրդը լեզվաբանորեն կազմված է «Վարդ» և «Վառ» բառերից և նշանակում է՝ ջրով օծված։ Կարծիք կա, որ տոնի հիմքը «վառ» բառն է, և տոնն առավել Աստղիկի սիրելի հրավառ Վահագնին է նվիրված եղել:
Վարդավառի գեղեցիկ սովորությունների փոխարեն` այսօր միայն սառը լոգանք ընդունելու սովորությունն է զարգանում: Մարդկանց տրամադրությունը փչացնելու փոխարեն` կարելի է միմյանց վրա վարդաջուր ցողել` առաջացնելով ժպիտ ու սեր:
ՀԻՄՆ ԱՍՏՂԻԿԻՆ
Հովհ. Թումանյան
Ելնում է ահա նազելի փառքով
Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,
Պճնված կույսի ճերմակ շղարշով,
Վառվելով իր սուրբ շողերի միջին:
Արևաշող աղբյուր` հույզերի,
Աստղաբույլ կերոն` սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,
Ցոլուն աչքերը ներքև խոնարհում,
Թեև նրանց մեջ երկնքից ծագած
Ամենից պայծառ ճաճանչն է բերում:
Արևաշող աղբյուր` հույզերի,
Աստղաբույլ կերոն` սրտերի,
Լուսաշող Սիրո Թագուհի,
Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը