Բաժիններ՝

Պուտինը Կուբայից անսպասելիորեն մեկնել է Նիկարագուա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր լատինամերիկյան շրջագայության պլանները և Կուբայից Արգենտինա մեկնելու ճանապարհին այցելել է Նիկարագուա, ինչը նրա առաջին այցն է այդ երկիր:

Պուտինին դիմավորել է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև Նիկարագուայի տարածքում «Գլոնասս» ցամաքային կայանների տեղակայման թեման:

Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանից գյուղատնտեսական տեխնիկայի ու ցորենի մատակարարումների հարցը: Օրտեգան Պուտինին հայտնել է, որ իր երկիրն աջակցում է խաղաղության համար Պուտինի մղած պայքարին, ինչպես ողջ մոլորակում, այնպես էլ առանձին էլ տարածաշրջաններում, Ռուսաստանի տարածաշրջանում:

Օրտեգայի խոսքերով` հակամարտությունների կարգավորումը կախված է ոչ թե ռմբակոծություններից, այլև` խելամիտ մոտեցումներին: Նա կարևորել է ժողովրդի կամքին լսելը: Պուտինը երեկ ժամանել է Կուբա և ցանկություն է հայտնել «Գլոնասս» ցամաքային կայաններ տեղակայել կղզու տարածքում:

Պուտինի խոսքերով` դրանով իսկ Կուբայի համար մատչելի կդառնան արբանյակային հեռահաղորդակցության ոլորտում առկա տեխնոլոգիաներն ու ծառայությունները: Ռուսաստանի տարածքում գործում է 14 այդպիսի կայան, դրանք գործում են նաև Անտարկտիդայում ու Բրազիլիայում:

Ակնկալվում է, որ այդ կայանները տեղակայվելու են նաև Իրանում, Վիետնամում, Իսպանիայում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում, ինչպես նաև ավելացվելու է դրանց թիվը Բրազիլիայում ու Անտարկտիդայում:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբին հաղորդվել էր, թե Ռուսաստանը մտադիր է Նիկարագուայում մասնակցել Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները միմյանց կապող ջրանցքի կառուցմանը: Օրեր առաջ էլ հաղորդվեց, թե Պանամայի ջրանցքի մրցակից Նիկարագուայի ջրանցքի կառուցումը կարող է մեկնարկել այս տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս