Մեկնարկել է ՀԳՀՄ համագումարը. Արտեմ Ասատրյանը կոչ է անում միավորել ուժերը
Հայաստանի գործատուների հանրապետական միությունն այսօր գումարել է 3-րդ համագումարը:
Միության նախագահ Գագիկ Մակարյանը գոհունկությամբ նշեց, որ ՀԳՀՄ-ն ներկայումս ունի 12850 անդամ, վերջին շրջանում միության անդամ են դարձել նաև այլ ոլորտային միություններ, մասնավորապես՝ մեղվաբույծների և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության ու վարչապետի անունից շնորհավորեց համագումարի մասնակիցներին: Նա նշեց, որ 2009թ-ին առաջին անգամ կնքվեց եռակողմ պայմանագիր՝ նախարարության, միության ու Արհմիությունների կոնֆեդերացիայի միջև, որով հիմք դրվեց համագործակցության. «Հանրապետական մակարդակում ունեցել ենք ձեռքբերումներ, որոնք պետք է տեղական կազմակերությունների մակարդակ իջեցնել»:
Ա.Ասատրյանի խոսքով՝ անցած ժամանակահատվածը մեծ ներդրում է ունեցել խորացնելու կողմերի հարաբերությունները, և դեռ շատ անելիքներ կան:
«Աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և դա թելադրում է ոչ ստանդարտ մոտեցումներ, որպեսզի դրանց լուծումներ տրվեն: Այս իրավիճակից զերծ չի մնացել նաև ՀՀ-ն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ որքան էլ ջանք է գործադրվում, խնդիրների դանդաղ լուծումը տեսանելի չեն դարձնում առաջընթացը: Նա շեշտեց, որ ուժերը միավորելու խնդիր կա՝ աղքատության, գործազրկության դեմ արդյունավետ պայքարի համար:
Համագումարի ընթացքում կներկայացվեն միության ղեկավար մարմինների հաշվետվությունները, ՀԳՀՄ 7-ամյա գործունեության վերաբերյալ զեկույց, միության, ՀՀ կառավարության և արհմիությունների կոնֆեդերացիայի համագործակցության շրջանակներում սոցիալ-տնտեսական զարգացման հռանկարային 2014-2017թթ. Ծրագրի քննարկում և հաստատում, տեղի կունենան միության ղեկավար մարմինների ընտրություններ: