Նաիրա Զոհրաբյանը չմեկնաբանեց Քոչարյանի հասցեին հնչած քննադատությունները
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել «Ժառանգության» համագումարի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչած կոշտ գնահատականները, պատճառաբանելով, որ չի հետևել, քանի որ Ստրասբուրգում է եղել: «Ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի հայտարարություններին, ևս տեղյակ չեմ, բայց եթե անգամ տեղյակ լինեի, ես սկզբունքորեն Զարուհի Փոստանջյանի որևէ հայտարարության, որևէ մեկնաբանության չեմ անդրադառնում: Դա իմ սկզբունքային դիրքորոշումն է»,- հավելեց նա:
Մեր դիտարկմանը, որ բացի Փոստանջյանից Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է հայտարարություններ արել, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ ժամանակ չունենալու պատճառով Հովհաննիսյանի խոսքերին ևս չի հետևել և վաղը կրկին հրատապ կարգով մեկնում է Ստրասբուրգ:
«Քառյակի համագործակցության առումով բացարձակ որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Քառյակը շատ առողջ, շատ արդյունավետ համագործակցում է և, հույս ունեմ, որ այդ համագործակցությանը որևէ խոչընդոտ չի լինելու առաջիկայում ևս, ավելին` վստահ եմ»,- հավելեց Ն.Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհանիսյանը և վարչության անդամ, պատգամավոր Զարուհի Փոտանջյանը հայտարարել են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ համագործակցություն բացառվում է, իսկ քառյակի շրջանակներում Քոչարյանի հովանավորյալ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը զուտ խորհրդարանական ձևաչափ ունի: