Հերթական պերճախոս ապացույցը, որ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ-ն իրար հետ ոչ մի կապ չունեն. «ՀԺ»

««Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի, եւ ինչ կերպ էլ փորձեք ուրիշ ձեւով հարցեր տալ, իմ պատասխանն այդպիսին է»,- երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, երբ լրագրողները նրան ասել են, թե Ռոբերտ Քոչարյանն իր` նախօրեին տված հարցազրույցում կարծես թե պաշտպանել է քառյակի 12 պահանջները»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Երբ լրագրողները հիշեցրել են, որ Քոչարյանը նաեւ Որոտանի կասկադի վաճառքին էր անդրադարձել, Մանուկյանն արձագանքել է.

«Եթե գողերը գողությունից են խոսում, անբարոյականներն անբարոյականությունից են խոսում, չի նշանակում, որ դրանով մաքրվում են»: ՀԱԿ խմբակցության քարտուղարի սույն հայտարարություններին հետեւեց top-news.am կայքի ոչ պակաս կոշտ արձագանքը.

Այս կայքի գործունեությունը, ինչպես հայտնի է, համակարգում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը. «Արամ Մանուկյանը, իրեն պահելով նորաթուխ սկաուտի կամ պիոների նման, ասել է, թե՝ չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի: Լավ է, որ նա հասցրել է ավելացնել, թե սա ոչ թե ՀԱԿ-ի, այլ իր կարծիքն է, բայց անմիջապես սկաուտաբար ավելացրել է, թե իր կարծիքով, ՀԱԿ-ում գերիշխում է այս տեսակետը: Անկասկած, ՀԱԿ-ը լուրջ հետեւություններ պետք է անի, որ ունի այսպիսի հին ու պրիմիտիվ անդամ, որը քաղաքականությունում լինելով ավելի քան 25 տարի, այդպես էլ չհասկացավ, թե ինչ է քաղաքականությունը, պետությունը եւ միջկուսակցական հարաբերությունները: ՀԱԿ-ը պետք է այնքան խոհեմություն ունենա, որ Արամ Մանուկյանին հեռու պահի նմանատիպ քննարկումներից, քանի որ սա իր թեման չէ»:

Այսպիսով, ԲՀԿ-ական կայքը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանից: Նշենք, որ նախօրեին «Կենտրոն» հ/ը «Ուրվագիծ» ծրագրում հյուրընկալած քառյակի 3 անդամների ներկայացուցիչները` ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»` Ռուբիկ Հակոբյանը եւ ԲՀԿ-ի` Ստեփան Մարգարյանը, ողջունել են Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:

Իսկ Ստեփան Մարգարյանը երեկ «Ազատության» հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցությունը հնարավոր է.

«Ողջունում եմ եւ շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատեւ կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է: Ես կարծում եմ` ով կիսում է քառյակի մոտեցումները, քառյակի նշած խնդիրները եւ դրանք լուծելուն ուղղված ջանքերը՝ բոլորի հետ պետք է համագործակցել»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: Այս փաստերը հերթական պերճախոս ապացույցն են այն բանի, որ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ-ն իրար հետ ոչ մի կապ չունեն»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս