Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքացի է նայում իրավիճակին

«Ռոբերտ Քոչարյանը միշտ պնդել է իմպերատիվ, որ մենք դեռ պատրաստ չենք 100 տոկոս համամասնականին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին:

Խորհրդարանի իշխանական մեծամասնության ղեկավարը չմեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առաջին երկու կետերը, որոնցում նախկին նախագահը քննադատության էր ենթարկել Որոտանի հէկ-ի վաճառքը, արագաչափերի և «կարմիր գծերի» համակարգերը: Նա տեղեկացրեց, որ այդ հարցերի վերաբերյալ մասնագիտական գնահատական կտրվի:

Փոխարենը Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ասածներին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն այդ կապակցությամբ մասնավորապես նշել էր. «Եթե նպատակն աջակցությունն է քաղաքական կուսակցությունների կայացմանը, ապա 100 տոկոսանոց համամասնական համակարգը, անկասկած, նպաստավոր է: Այդ որոշումը վաղուց է հասունացել, և ես սատարում եմ դրան»:

Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ «Ռոբերտ Քոչարյանի  նախագահ եղած ժամանակ իրենք իմպերատիվ ասում էին, որ դա հնարավոր չէ»:

Մենք հետաքրքրվեցինք` այդ դեպքում ինչո՞ւ է փոխվել Ռոբերտ Քոչարյանի կարծիքը տվյալ հարցի վերաբերյալ: Ի պատասխան՝ Վ. Բաղդասարյանն ասաց, որ նախագահն ու իշխանությունը մի ձևով են նայում հարցին, իսկ քաղաքացին` մեկ ուրիշ ձևով: Ըստ հանրապետական պատգամավորի` Քոչարյանն ավելի շատ քաղաքացու աչքերով է նայում այդ հարցերին, բայց ավելի ճիշտ է այդ հարցը պարզելու համար դիմել Քոչարյանի գրասենյակին:

«Ռոբերտ Քոչարյանը եղել է նախագահ և ավելի խորը ուսումնասիրության է ենթարկել հարցը` որպես նախագահ, և կարծիքն այդպիսին է եղել: Ես կարող եմ ուղղակի նշել պատճառներ, որ այսօր նա որպես քաղաքացի է նայում իրավիճակին, ինչո՞ւ չէ, նաև քննադատողի դերում: Կարծում եմ` այդ հարցերը պետք է ճշտել երկրորդ նախագահից: Ինձ համար այնքան էլ հաճելի չէ մեկնաբանել նախագահի ասածները, լինի դա առաջինը, երկրորդը թե երրորդը, բայց դա իրականությունն է»,- ասաց Վ. Բաղդասարյանը:

Որպես իր անձնական կարծիք` Վահրամ Բաղդասարյանն իր կողմից՝ նաև նշեց, որ այսօրվա ներքաղաքական իրավիճակում ևս նպատակահարմար չի համարում անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, և մեծամասնականը դեռ պետք է Հայաստանի խորհրդարանին: Միաժամանակ նա ավելացրեց, որ իշխանությունը չի խուսափում այդ հարցը քննարկելուց:

Ընթերցողի մոտ թյուրըմբռնումը բացառելու համար մեր կողմից հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի կառավարման ողջ ժամանակաշրջանում եղել է նրա իշխանության գլխավոր հենասյուներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս