Արթուր Սաքունցը Շանթ Հարությունյանին և մյուսներին խորհուրդ է տալիս բոյկոտելու դատական նիստերը
«Շանթ Հարությունյանի նկատմամբ դատական պրոցեսը հանդիսանում է իշխանությունների կամ ռեժիմի կողմից ապօրինի դրսևորման շարունակությունը», -այսօր ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա՝ այն քրեական հետապնդումը, որը նախաձեռնվեց Շանթ Հարությունյանի և իր ընկերների նկատմամբ, ամբողջովին անհիմն է. «Անհիմն է նաև նման պայմաններում դատական պրոցեսի անցկացումը, ավելին՝ նման սահմանափակ հնարավորություններով և նման ոչ պատշաճ պայմաններում»:
Ա. Սաքունցն ասաց, որ հրապարակայնության սահմանափակումը, դատական պրոցեսին քաղաքացիների, լրատվական միջոցների, նաև պաշտպանների համար ոչ պատշաճ մասնակցության և աշխատանքի պայմանների ապահովումը համարում է միտումնավոր. «Իշխանությունը փորձում է նման պայմաններով դատական պրոցեսի անցկացմամբ հերթական անգամ դրսևորել իր կանխակալ վերաբերմունքը Շանթ Հարությունյանի և իր ընկերների, համախոհների գործողության նկատմամբ»:
Ա. Սաքունսցը հիշեցրեց, որ Շանթն արդեն իսկ գնահատական տվել էր «սուչի զոնայի» մասին: Նա շեշտեց, որ «սուչի զոնան» դեռ գործում է իր քրեական կանոններով:
Ըստ Ա. Սաքունցի՝ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների նկատմամբ քրեական ձևակերպմամբ քաղաքական հետապնդումը հետապնդում է ՀՀ-ի քաղաքացիների նկատմամբ, և նրանք պարտավոր են ապահովել, որպեսզի քաղաքացիները նույնպես մասնակցեն այդ դատական պրոցեսին. «Այդտեղ դատապարտվում է ոչ թե Շանթ Հարությունյանը՝ իր համախոհների հետ, այլ ՀՀ քաղաքացին իր դիրքորոշման համար՝ այն է, որ դեմ է ՀՀ-ի անկախության դեմ Սերժ Սարգսյանի միանձնյա, միակամ և անհիմն, հակասահմանադրական որոշման դեմ: Մարդիկ դուրս են եկել և իրենց ընդվզումն են արտահայտել: Քիչ է՝ ընդվզվողների նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, նաև պատժում են և թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ մասնակցեն դատական պրոցեսին»:
Ա. Սաքունցը նշեց, որ թեև առաջին դատական նիստին ինքը հանրապետությունում չէր, բայց մյուս դատական նիստերին իրենք ավելի մեծ թափով կհավաքվեն և կպահանջեն. «Կարծում եմ, որ իմաստ ունի նաև քաղաքական բանտարկյալների կողմից բոյկոտելու այդ նիստը՝ մինչև չապահովվի համապատասխան պայմանները: Մինչև չապահովվի համապատասխան պայմաններ, անիմաստ է այդ դատական, կամ ավելի շուտ քաղաքական պրոցեսի իրականացումը: Քաղաքական պրոցեսը պետք է լինի հրապարակային: Միայն ավտորիտար ռեժիմների պարագայում է, երբ փակ դատեր են իրականացնում, կամ սահմանափակ մատչելիություն են ապահովում քաղաքացիների համար»:
Անի Քեշիշյան