«Քո իրական պատկերը ցույց տվեցի, էդ մերկ նկարից դու ընդհանրապես չպետք է նեղվես». մեղադրողը մեջբերեց ամբաստանյալ կնոջ խոսքը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազն այսօր պահանջեց մեղավոր ճանաչել ամուսնու սիրուհու մերկ լուսանկարը «Odnoklassniki» սոցիալական կայքում տեղադրելու մեջ մեղադրվող կնոջը:

Դատախազը միջնորդեց նրան դատապարտել 300 հազար դրամ տուգանքի: Մեղադարող Տ. Հակոբյանը դատարանում ասաց, որ կնոջը մեղսագրվող արարքում հանցակազմ կա, այն ապացուցված է, ամբաստանյալի մեղավորությունը՝ հիմնավորված:

Մեղադրողն ասաց, որ դատաքննության ընթացքում կինը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ասել է, որ ոչ թե ինքը, այլ անչափահաս որդին է համացանցում կայքէջ ստեղծել և այնտեղ տեղադրել ամուսնու սիրուհու մերկ լուսանկարը: Ըստ մեղադրողի՝ կինն այդ կերպ փորձ է արել խուսափել պատասխանատվությունից և պատժից, սակայն կնոջն առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված և հետազոտված ապացույցներով:

Մեղադրող դատախազ Տ. Հակոբյանի խոսքով՝ կնոջ մեղքը ապացուցվել է նրա՝ նախաքննության ընթացքում տված ցուցմուքնով, որ ամուսինը կապ է ունեցել սիրուհու հետ, համատեղ կյանքից ունեցել է երեխա: Ըստ մեղադրողի՝ կինը նախաքննության ընթացքում հայտնել է, որ ամուսինը հաճախ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի և այնտեղ բնակվել է սիրուհու հետ: Կինն, ըստ մեղադրողի, նախաքննության ընթացքում հայտնել է, որ երբ ամուսինը գտնվել է Հայաստանում, ինքը նրա հեռախոսի մեջ տեսել է ամուսնու սիրուհու մերկ լուսանկարը, որը ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ՝ հետագայում ամուսնու սիրուհուն «վատություն անելու համար»:

Մեղադրողի խոսքով՝ կինը նախաքննության ընթացքում հայտնել է, որ «Odnoklassniki» սոցիալական կայքում իր ամուսնու սիրուհու անունով կայքէջ է ստեղծել և այնտեղ տեղադրել նրա մերկ լուսանկարը, այնուհետև այդ կայքէջով «հյուր» գնացել ամուսնու սիրուհու, ինչպես նաև նրա քրոջ էջին:

Ըստ մեղադրող դատախազի՝ կնոջ մեղքն ապացուցվել է նաև նրա ամուսնու նախաքննական ցուցմունքով, ըստ որի՝ երբ ինքը գտնվել է ՌԴ-ում, իրեն է զանգահարել սիրուհին, հայտնել, որ կինը իր անվամբ ստեղծել է կայքէջ և տեղադրել մերկ լուսանկարը: Ըստ մեղադրողի՝ ամուսինը նաև հայտնել է, որ երբ խոսել է կնոջ հետ, նա ասել է, որ երբ ինքը գտնվել է Հայաստանում, կինն այդ ժամանակ տեսել է սիրուհու մերկ լուսանկարը, գաղտնի ներբեռնել իր հեռախոսի մեջ, ապա «Odnoklassniki» սոցիալական կայքում ստեղծել է էջ և այնտեղ տեղադրել մերկ լուսանկարը:

Մեղադրողը ամբաստանյալ կնոջ մեղքն ապացուցված համարեց նաև տուժողի (գործով տուժող է ճանաչվել ամբաստանյալի ամուսնու սիրուհին) նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքով, որ ՌԴ-ում բնակվել է տղամարդու հետ, նրանից երեխա ունեցել, սակայն կենցաղային հողի վրա վիճաբանությունից հետո ինքը վերադարձել է Հայաստան: Ապա իրեն «Odnoklassniki» սոցիալական կայքում իր էջին «հյուր» է եկել իր անունով գրանցված մեկ այլ էջ, որում տեղադրված է եղել իր մերկ լուսանկարը, այդ էջի հետ նամակագրության միջոցով ինքը տեղեկացրել է, որ նկարը տեղադրել է տղամարդու կինը:

Մեղադրողը կնոջ մեղքը ապացուցված համարեց նաև ցուցմունքներով, մասնավորապես՝ տուժողի եղբոր ցուցմունքով, ով հայտնել է, որ «Odnoklassniki» սոցիալական կայքում իր էջին «հյուր» է եկել քրոջ անունով էջը, հայտնել է, որ ամուսնու կինն է, «իր ընտանքիը քանդելու համար է նման բան արել»:

Վկան ասել է, որ ամուսնու կինը իրեն հայտնել է, որ ինքն է լուսանկարը ներբեռնել կայք:

Մեղադրողն ասաց, որ ամբաստանյալի դատական քննության ընթացքում տված ցուցմուքները հակասում են գործով ձեռք բերված փաստերին, ինչպես նաև՝ միմյանց:
Ըստ մեղադրողի՝ կինը դատարանում նախ նշեց, որ տուժողի մերկ լուսանկարը «Odnoklassniki» սոցիալական կայքում տեղադրել է իր որդին, ինքը նախաքննության ընթացքում հայտնել է, թե ինքն է դա արել՝ ցանկանալով որդուն հեռու պահել նման բաներից, ինքը տեղյակ չի եղել, որ որդին շփման մեջ է եղել տուժողի հետ, սակայն հետագայում հայտնել է, որ որդին շփման մեջ է եղել տուժողի հետ և այդ մասին ինքն իմացել է մինչև նախաքննական մարմնին ցուցմունքներ տալը:

Ըստ մեղադրողի՝ ամբաստանյալը դատաքննության ընթացքում հայտնել է, թե ինքն ինտերներտում չի շփվել տուժողի եղբոր հետ, սակայն ներկայացվել է նրանց միջև գրագությունը հաստատող պատճենները, որից հետո միայն ամբաստանյալն ընդունել է, որ ինքը շփվել նրա հետ և նրան ասել է, որ եթե չսանձի քրոջը, ապա ինքը կրկին կգցի կայք:

«Վերջիվերջո, դատաքննության ընթացքում, հավանաբար մոռանալով լավ մտածված բեմականացման մասին, ամբաստանյալը տուժողի հարցին ի պատասխան հայտնեց՝ քո իրական պատկերը ցույց տվեցի, էդ մերկ նկարից դու ընդհանրապես չպետք է նեղվես»,- ասաց մեղադրողը:

Բացի այդ՝ մեղադրողն ասաց, որ ամբաստանյալի անչափահաս որդին դատարանում հայտնել է, թե ինքն է տուժողի մերկ լուսանկարը ներբեռնել համացանց, ակայն կայքէջի սկզբնական անվանումը սխալ է ներկայացրել՝ նախ նշելով, որ այն ստեղծել է լատինատառ A և B տառերի համակցությամբ, սակայն տուժողն ու վկաները հայտնել են, որ էջը ստեղծվել է տուժողի անվամբ և միայն նկարը հանելուց է փոխվել էջի անունը:

Մեղադրող դատախազն ասաց, պետք չեն իրավաբանական լուրջ գիտելիքներ՝ հասկանալու համար, որ դեպքի պահին ամբաստանյալի անչափահաս տղան հասած չի եղել քրեական պատասխանատվության ենթակա տարիքին. «Այս ամենի նպատակը հենց նման կերպ ամբաստանյալին քրեական պատասխանատվությունից զերծ պահելն է»:

Դատախազն ասաց, որ մեղադրող կողմը ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում, որպես մեղմացնող հանգամանք պետք է դիտել այն, որ նրա խնամքին են գտնվում երեք երեխաներ:

Ըստ նրա՝ պատիժ նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ կինը նախկինում դատապարտված չի եղել:
Գործով տուժողը դատարանում հայտնեց որ վստահ է՝ իր նկարը համացանց գցել է ամբաստանյալը և ոչ թե նրա որդին: Նա ասաց, որ ամբաստանյալն է իրեն միշտ անհանգստացրել, իրեն զանգահարել է տարբեր համարներով, միշտ ասել է՝ «Ես ամեն ինչի հասնելու եմ»:

Դատարանում տուժողի ներկայացուցիչն ասաց, որ ապացուցված է՝ ամբաստանյալը տուժողին բարոյական վնաս պատճառելու մտադրությամբ իր բնակարանում «Odnoklassniki» սոցիալական կայքում ստեղծել է տուժողի անվամբ կայքէջ և այնտեղ տեղադրել նրա մերկ նկարը՝ տարածելով տուժողի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:

Տուժողի ներկյացուցիչն ասաց, որ ամբաստայալի ամուսինն առաջարկել է տուժողին ամուսնանալ, տուժողը համաձայնել է և միայն որոշակի ժամանակ անց իմացել է, որ նա փաստացի ամուսնացած է եղել մեկ այլ կնոջ հետ, սակայն բաժանվել է, այդ պատճառով էլ ամուսնացել է տուժողի հետ: Ըստ ներկայացուցչի՝ ամբաստանյալի ամուսնու հետ վիճելուց, ՌԴ-ից Հայաստան վերադառանալուց հետո միայն տուժողն իմացել է, որ ամուսինը իրենից գաղտնի կապ է պաշտպանել նախկին կնոջ հետ:

«Վերոգրյալից արեն պարզ է դառնում, որ տուժող կողմը երբևէ տեղյակ չի եղել ի սկզբանե, որ տղամարդն ամուսնացած է եղել ամբաստանյալի հետ, որևէ ձևով պատճառ չի դարձել այն բանի, որ վերջինս հեռանա ամբաստանյալից, այլ ընդհակառակը, հենց տւժողը տեղյակ է դարձել, որ տղամարդը շարունակում է կապ պաշտպանել նախկին կնոջ հետ, նա անմիջապես թողել և հեռացել է նրանից, ինչպես կվարվեր յուրաքանչյուր բարոյական հայ կին, որին մինչ այդ խաբել և մոլորեցրել են, ուստի և ամբատանյալը վիրավորում է տուժողին նույնիսկ այստեղ՝ դատարանում, անվանելով նրան մարմնավաճառ, կրկնակի անգամ ապացուցում է հենց դրանում, որ տուժողի մերկ նկարը համացանցում տեղադրելը ամբաստանյալի համար խիստ ընդունելի ձև է եղել՝ վրեժ լուծելու այն կնոջից, որի պատճառով իբր տղամարդը թողել է ամբաստանյալին»:

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ ամբաստանյալի որդին է նկարը համացանց գցել՝ տուժողի ներկայացուցիչն աաց, որ ամբաստանյալը չի ներկայացրել որևէ փաստ՝ դա հիմնավորելու համար: Տուժողի ներկայացուցիչն ասաց նաև, որ եթե ամբաստանյալը մինչև քրեական գործի հարուցումը տուժողին ասեր, որ որդին է համացանց գցել նկարները, տուժողը ոստիկանություն չէր դիմի: Տուժողի ներկայացուցիչը ևս միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել:
Քանի որ ամբաստանյալի պաշտպանը դատարանից ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար, դատական նիստը հետաձգեց: Հաջորդ նիտը տեղի կունենա հունիսի 24-ին:

Տեսանյութեր

Լրահոս