Արամ Մանուկյան. ՀԷՑ-ը չափն անցել է և զսպող է պետք
ՀԷՑ-ի վարչական ծախսերը շատ մեծ են, 12-13 դրամ մարժա ունի, որը շատ մեծ է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացման հետ կապված խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ բոլոր վարձերը՝ տրանսպորտ, գազ, էլեկտրաէներգիա, ավելանւմ են, և արդյունքում տուժում է քաղաքացին:
«Սատանայի օղակ է ստեղծվում»,- ասաց Ա.Մանուկյանը՝ պարզաբանելով, որ ինչպես գազի թանկացումն է բերում սպառողների թվի նվազման, այնպես էլ էներգետիկայի ոլորտում է, ու ինչքան բարձրացվում է, այնքան սպառողները նվազելու են. «Մտնում ենք մի աննորմալ ցիկլի մեջ, որտեղ տուժում է քաղաքացին: Քաղաքացին էլ թողնում գնում է»:
Ա.Մանուկյանի բնորոշմամբ՝ ՀԷՑ-ը չափն անցել է և զսպող է պետք, իսկ այդ դերը տրված է ՀԾԿՀ-ին, որ համաչափության մեջ նայի այդ խնդիներին. «Տվյալ դեպքում, մոտեցումը տնտեսագիտական չպետք է լինի, քաղաքագիտական պետք է լինի, այլապես քաղաքացուն ենք կորցնում»:
Ա.Մանուկյանը հայտարարեց, որ քառյակը դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը և նախապատրաստում է հայտարարություն: «Եկեք լուծումներ գտնենք, որ թանկացումն օգոստոսին չիրականացնենք»,- կոչ արեց նա: