Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյան. «Հարկային օրենսգրքի ներդրումը մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից է լինելու»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է Հայաստանի միասնական հարկային օրենսգրքի մշակմանը նվիրված միջազգային համաժողովի բացմանը: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ֆինանսների նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հարկային բարեփոխումների ծրագիրը:

Հայաստանի վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ և կայուն զարգացման տեսանկյունից: «Ընդամենը երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը, որով առանձնակի կարևորվում է մեր երկրի գործարար և ներդրումային, այդ թվում՝ հարկային միջավայրի շարունակական բարելավման խնդիրը: Այս առումով, միջազգային լավագույն փորձին համահունչ հարկային օրենսգրքի մշակումը և ներդրումը կարևոր խթան կհանդիսանա մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավման և ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման գործում: Մյուս կողմից, լիահույս ենք, որ հարկային օրենսգրքի ընդունմամբ օտարերկրյա գործընկերների շրջանում նկատելիորեն կբարձրանա Հայաստանի Հանրապետության վարկանիշը որպես կայուն ու զարգացած հարկային համակարգ ունեցող և վստահելի գործընկեր երկրի:
Հարկային օրենսգիրքը մշակվելու է՝ հաշվի առնելով մեր տնտեսության գերակայությունները, զարգացման հնարավորություններն ու սահմանափակումները, ինչպես նաև տարածաշրջանային առաջնահերթությունները: Նոր հարկային օրենսգիրքը պետք է առավելագույնս նպաստի արտահանմանը կողմնորոշված և ներմուծմանը փոխարինող գիտելիքահեն և ոչ հումքային արտադրությունների զարգացմանը: Մյուս կողմից, հարկային օրենսգրքի մշակումը պետք է հնարավորություն ընձեռի արդյունավետ պայքար մղել ստվերային շրջանառությունների դեմ: Ամրապնդվելու է հարկման բազան, ավելացվելու են պետության հարկային եկամուտները, հատկապես խոշոր ձեռնարկատիրության լիարժեք հարկման ճանապարհով, ինչը կառավարությանը սոցիալական, առողջապահական, բնապահպանական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ ոլորտներում առավել հավակնոտ, ընդգրկուն ու շարունակական ծրագրեր իրականացնելու հնարավորություն կընձեռի», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ընդգծելով, որ միասնական հարկային օրենսգրքի մշակումը ենթադրում է մեծածավալ աշխատանքների իրականացում, կառավարության ղեկավարը կարևորել է շահագրգիռ կողմերի՝ բոլոր քաղաքական ուժերի, գործարարների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ ու արդյունավետ փոխգործակցությունը: «Հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվելու են առավելագույնս թափանցիկ. այդ աշխատանքների ընթացքում ներկայացվող առաջարկությունները, ծագող խնդիրները կամ հարկային համակարգին վերաբերող կարևոր փոփոխությունները նախապես քննարկվելու են գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ՝ տարբեր հարթակներում ու տարբեր ձևաչափերով կազմակերպվող հանդիպումների ընթացքում», – հավելել է վարչապետ Աբրահամյանը:
Գործադիրի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք և հորդորել միահամուռ ուժերով ներգրավել այս կարևոր ձեռնարկի աշխատանքներում: «Ես այս հարցի մասին դեռ խոսել եմ երկու տարի առաջ, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում: Հարկային օրենսգրքի ներդրումն իրապես մեր տնտեսության ու երկրի մրցունակության երաշխիքներից մեկն է լինելու», – եզրափակել է վարչապետը:
Միջազգային համաժողովի մասնակիցների շարքում են ՀՀ կառավարության անդամներ, Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, գործարար միջավայրի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ: Կծավալվեն քննարկումներ Հայաստանում միասնական հարկային օրենսգրքի ներդրման անհրաժեշտության և այդ գործում պետական-մասնավոր երկխոսության կարևորության վերաբերյալ, կներկայացվեն հարկային օրենսդրական բարեփոխման միջազգային, այդ թվում նաև Վրաստանի փորձը, հարկային և մաքսային բարեփոխումները Վրաստանում և այլն:

***

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրն (ՀԲԾ) ուղղված է Հայաստանում բիզնեսի մրցունակության բարելավմանը և հարկային բեռի նվազեցմանը: ՀԲԾ-ն օժանդակում է ՀՀ ֆինանսների նախարարությանը` մշակելու հարկային արդյունավետ քաղաքականություն միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս