Բաժիններ՝

Արմեն Պողոսյան. «Ապրանքատեսակների գների թանկացումն անխուսափելի է»

Վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած ուսումնասիրությունները՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման մասին, բազմաթիվ քննարկումների ու մտահոգությունների առիթ հանդիսացան:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը հաշվարկել էր, որ էներգետիկ ընկերությունների ֆինանսական ճեղքվածքը փակելու համար վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիան պետք է թանկանա շուրջ 10%-ով: Այսինքն՝ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագները բարձրանալու են 3,8-4,3 դրամ՝ կՎտժ-ի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) սահմաններում:

Տնտեսագետների կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացումը կանդրադառնա բոլոր ոլորտների վրա:

168.am-ի հետ զրույցում «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ խոսքն ընդամենը 4,5 դրամի մասին է, ու դա փոքր չափով կազդի ամեն ինչի վրա. «Բայց բանն այն է, որ մենք պարբերաբար թանկացումների վիճակում ենք ապրում, այսօր՝ ջուրը, վաղը՝ հոսանքը, մյուս օրը՝ տրանսպորտը, հետո՝ երշիկը, ու այդ շղթան սպառողի համար դառնում է անտանելի:

Հասել է վիճակը նրան, որ միջին ընտանիքում եկամուտների 60-65%-ը այս հանրային ծառայությունների վրա է ծախսվում: Իսկ ապրելու (ոչ թե գոյատևելու) համար մնում է այդ մնացած տոկոսը: Սա սարսափելի բեռ է»:

Մեր այն հարցին, թե կոնկրետ ո՞ր ոլորտների վրա կազդի էլեկտրաէներգիայի թանկացումը, Ա. Պողոսյանն ասաց. «Ոչ ոք չի կարող հաց թխել առանց էլեկտրաէներգիայի, այսինքն՝ բոլոր ոլորտների վրա կազդի, այդպիսի ոլորտ չկա, որ չազդի:

Գիրք պետք է տպագրես՝ առանց հոսանքի չես կարող, տրանսպորտն էլ է մասամբ հոսանքով աշխատում, դա բոլոր ոլորտներին է վերաբերում, բացառությունների հետևից չընկնենք»:

Հարցին, թե արդյոք այդ թանկացումը բնակչության կենսամակարդակի վրա մե՞ծ ազդեցություն կունենա, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Այս մի փուլը փոքր ազդեցություն կունենա, բայց եթե մենք մի քիչ լայն ժամանակահատվածի մեջ նայենք (վերջին 3 տարում), դաժան է ազդեցությունը: Այս մեկը միայն հերթական փուլ է: Այս մեկը չի կարող մեծ ազդեցություն ունենալ, բայց եթե մենք նայենք 3 տարվա կտրվածքով, շատ դաժան է ազդեցությունը»:

Ըստ Ա. Պողոսյանի՝ թանկացնելու փոխարեն այլ կերպ պետք է խնդիրը լուծվեր. «Կան շատ եղանականեր, որպեսզի և՛ գազի, և՛ հոսանքի թանկացումը կոմպենսացվի, բայց, ցավոք, այդ եղանակներից ոչ մեկը չի կիրառվում:

Օրինակ, ամենապարզ եղանակը դիֆերենցված սակագինն է՝ այն մարդը, որն ունի 8 սենյականոց բնակարան, այսինքն՝ նա, ով շատ հոսանք է ծախսում, թող բարձր սակագնով վճարի, իսկ մնացածների վրա, որոնք ավելի մեծ քանակ են կազմում, նույն հոսանքն ավելի էժան կտրվի: Դա ընդամենը եղանակներից մեկն է, ուրիշ շատ եղանակներ էլ կան: Սա ո՛չ փող, ո՛չ ինստիտուցիոնալ ներդրումներ, ոչինչ չի պահանջում, միայն բարի կամք է պահանջում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս