Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում կատարած ներդրումների ծավալով երկրորդն է
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի առաջին եռամսյակին Ադրբեջանը Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 47 միլիոն դոլար: Այս մասին են վկայել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
Դրանց համաձայն, Ադրբեջանը հաշվետու ժամանակահատվածում Վրաստանում կատարած ներդրումների ծավալով զբաղեցրել է երկրորդ տեղը: Առաջին տեղում Նիդերլանդներն է, ով այս տարվա առաջին երեք ամիսներին Վրաստանի տնտեսության մեջ ներդրել է 73 միլիոն դոլար:
Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 35 միլիոն դոլար: 2014 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսությունում կատարվել է 260 միլիոն դոլարի ներդրում, ինչը 15 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը:
Ներդրումների մեծ մասը բաժին է ընկել ֆինանսական սեկտորին՝ 89 միլիոն դոլար (ողջ ներդրումների ծավալի 34 տոկոսը): Երկրորդ տեղում վերամշակող արդյունաբերությունն է՝ 46 միլիոն դոլար, իսկ երրորդ տեղում՝ տրանսպորտն ու կապը՝ 44 միլիոն դոլար: