Հայկական զինուժի կորուստները 2014-ի մայիսին. «Ռազմինֆո»
«Ռազմինֆո»-ն գրում է. Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մայիսի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 5 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 3-ով։
Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։
Աղբյուրներ
«Ռազմինֆոն» ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։
Կորուստներ
2014 թվականի մայիս ամսվա 5 կորուստներից 3-ը մարտական են, 2-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստները գրանցվել են Պաշտպանության բանակում, իսկ ոչ մարտականները՝ ՀՀ ՊՆ զորամասերում։
Մարտական կորուստներ
– Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է 1994 թվականին ծնված զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Մայիսի 21-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանին հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել ։
– Մայիսի 25-ին հայ-ադրբեջանական զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարից զոհվել է փոխգնդապետ, գումարտակի հրամանատար Գարիկ Էդիսոնի Բալայանը:
– Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Ոչ մարտական կորուստներ
-Մայիսի 10-ին ժամը 08։50-ի սահմաններում Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:
-Մայիսի 11-ին` ժամը 18:03-ի սահմաններում, Արփա գետի երկայնքով սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են զինծառայող, ավագ-լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:
Դեռևս մայիսի 3-ին քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը։
Զինծառայողի դին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, բայց եզրակացության մասին դեռևս վաղ է ինչ-որ բան ասել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: