Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Նրան պաշտոնապես Բեռլին է հրավիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը հայտնել է, որ Գարիբաշվիլին այսօր հանդիպելու է Գերմանիայի կանցլերի հետ, որն ավելի ուշ շարունակվելու է ընդլայնված կազմով: Հանդիպումից հետո Մերկելն ու Գարիբաշվիլին համատեղ մամուլի ասուլիս կտան ԶԼՄ-ների համար:

Գարիբաշվիլին Գերմանիայում հանդիպումներ կունենա նաև Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի ու Կերբերի հիմնադրամի ղեկավարության հետ: Բացի այդ, նա ներկա կգտնվի Կոնրադ Ադենհաուերի հիմնադրամի կազմակերպած կոնֆերանսին և վրաց-գերմանական գործարար ֆորումին:

Վրաստանի վարչապետի պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն և այլք:

Հիշեցնենք, որ Գարիբաշվիլին Գերմանիայում Մերկելի հետ հանդիպել էր նաև մի քանի օր առաջ:

Տեսանյութեր

Լրահոս