Արմեն Մուրադյան. Որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով

Սիրելի փոքրիկներ, ամենաջերմ սիրով ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Շատ առիթներով ենք շեշտում, որ երեխաները մեր ապագան են։ Իսկապես` երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն մինչ ապագան, մենք պարտավոր ենք ամենօրյա հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատել նրանց, անել ամեն ինչ, որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով։ Որպես բժիշկ և առողջապահության նախարար, անշուշտ, համարում եմ, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից։

Մեր երկրում մոր ու մանկան առողջության պահպանումը կառավարության գերակայություններից է, և այդ ուղղությամբ բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվում։ Այսօր մեծապես կարևորում ենք առողջ ապրելակերպը և վաղ հասակից այն կենսակերպ դարձնելը, ինչը ողջ կյանքի ընթացքում առողջության ամենալուրջ գրավականն է։

Խորհրդանշական այս օրը երեխաներին մաղթում եմ ամուր առողջություն և ցանկանում, որ նրանք ունենան երջանիկ ու անհոգ մանկություն, մեծանան սեփական առողջությունը գնահատելու կարողությամբ և, իհարկե, պաշտպանված լինեն բոլոր փորձություններից։

Արմեն Մուրադյան
ՀՀ առողջապահության նախարար

 

Տեսանյութեր

Լրահոս