«Մենք մեր ծառայությունը լավ գիտենք». ոստիկանը չկարողացավ պատասխանել՝ որ օրենքով են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններիընդհանուր իրավասության դատարանում Արգիշտի Կիվիրյանի գործով հարցաքննվեց ոստիկան Վարազդատ Ալեքսանյանը: Նա դատարանում հայտնեց, որ 2013թ. օգստոսի 24-ին եղել է ծառայության մեջ, ժամը 14:00-իսահմաններումգնացելէ Կոմիտաս 5, որտեղ մի խումբ մարդիկ փակել էին ճանապարհը: Վկայի խոսքով՝Կոմիտաս 5 հասցե հասնելուց հետո մոտեցել են տարածքում ծառայության պատասխանատուին, հրահանգ ստացել «ժողովրդին խնդրել» դուրս գալ ճանապարհից: Վ. Ալեքսանյանի խոսքով՝ իրենք մոտեցել են այնտեղ հավաքված անձնանց, խնդրել բացել ճանապարհը, սակայն վերջիններս շարունակել են կոչեր հնչեցնել:
Վարազդատ Ալեքսանյանն ասաց, որ Արգիշտի Կիվիրյանին ճանաչում է, Կոմիտաս 5-ում նա կոչեր է արել՝ «ժողովուրդ, միացեք մեզ»: Ոստիկանն ասաց նաև, որ ինքը եղել է այն ոստիկանների շարքում, ովքեր Ա. Կիվիրյանին բերման ենթարկելու համար տարել են ոստիկանական մեքենայի մոտ: Մեղադրողի հարցին՝ ինչո՞ւ է վկան հատկապես ֆիքսել Արգիշտի Կիվիրյանին, Վարազդատ Ալեքսանյանը պատասխանեց. «Ինքն էր ակտիվ մեջները, կոչեր էր անում՝ մի դուրս եկեք, մարդկանց որ խնդրում էինք, քաշում էինք, որ դուրս հանեինք, ինքը միջամտում էր»: Ոստիկան վկայի խոսքով՝ Արգիշտի Կիվիրյանի «ջանի կեսը» ճանապարհի վրա է եղել, իրենք նրան խնդրել են բարձրանալ մայթ, սակայն վերջինս չի կատարել խնդրանքը, գրկել է գովազդային վահանակի սյունը, իրենք «պոկել են» նրան, «դրել» ոստիկանական ավտոմեքենան, որի ընթացքում Ա. Կիվիրյանը «ուժեղ թափահարել է»:
Ոստիկան Վարազդատ Ալեքսանյանն ասաց, որ Կոմիտաս 5 հասեցում հայհոյանք հնչել է, բայց ինքը չի հիշում: Նա նշեց, որ չի հիշում՝ Ա. Կիվիրյանը հայհոյանք հնչեցրել է, թե ոչ: Մեղադրող դատախազի հարցին՝ ով է իրենց ասել, որ Ա. Կիվիրյանին ոստիկանական մեքենան նստեցնեն, արդյոք դրա համար հանձնարարություն ունեցե՞լ են: «Մենք մեր ծառայությունը լավ գիտենք, ամեն մարդ… հրաման չեն տալիս՝ սրան տարեք, նրան տարեք»,- ի պատասխան ասաց վկան: Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ, մեջբերելով վկայի խոսքերը, որ իրենք իրենց գործը լավ գիտեն, Վարազդատ Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ «Ի՞նչ է Արգիշտի Կիվիրյանին բաժին տանելու անունը, ինչ գործողություն եք կատարել»: Ի պատասխան՝ վկան ասաց, որ Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել: Պաշտպանի հարցին՝ որ օրենքով են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին, Վարազդատ Ալեքսանյանը չկարողացավ պատասխանել, երկար լռությունից հետո միջամտեց դատավորը՝ վկայից հետաքրքրվելով՝ արդյոք հարցը նրան հասկանալի է: Պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ ասաց, որ եթե վկային հասկանալի չէ իր հարցը, ապա ինքն «առավել քան» ստացել է իր հարցի պատասխանը:
Պատասխանելով Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հարցին՝ վկան ասաց, որ Ա. Կիվիրյանին ճանաչում է վաղուց, ճանաչում է հանրահավաքներից, վերջինս հակաօրինական գործողություններ է արել: Պաշտպանի հարցին՝ ինչ հակաօրինական գործողություններ է կատարել Ա. Կիվիրյանը, ոստիկան վկան պատասխանեց, որ չի հիշում, նշեց միայն Կոմիտաս 5 հասցեում ճանապարհ փակելը: Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց՝ ինչ օրենք է խախտել Ա. Կիվիրյանը Կոմիտաս 5 հասեցում: Ի պատախան վկան ասաց. «Երթևեկելի մասը փակել էր»: Ոստիկան Վարազդատ Ալեքսանյանը այդպես էլ չկարողացավ կոնկրետ օրենք, որը խախտել է Ա. Կիվիրյանը՝ ճանապարհ փակելով, ապա ասաց, որ չգիտի՝ ինչ օրենք է խախտել Ա. Կիվիրյանը: Վկան չկարողացավ պատասխանել նաև այն հարցին՝ ինչ գիտեր, որ Ա. Կիվիրյանի արարքը հակաօրինական էր, եթե չգիտի՝ որ օրենք է նա խախտել:
Դատարանում հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքի մի մասը, քանի որ, մեղադրողի խոսքով, դատաքննական և նախաքննական ցուցմունքներում հակասություններ կան: Նախաքննության ընթացքում վկան հայտնել էր, որ երբ իրենք Ա. Կիվիրյանին առաջարկել են փողոցն աատել ու կանգնել մայթի վրա, նա չի ենթարկվել, վիրավորանքներ ու հայհոյանքներ է տվել իրենց հասցեին, որի պտճառով ղեկավարներից մեկից հարահանգ են ստացել Ա. Կիվիրյանին տանել մեքենայի մոտ բերման ենթակելու համար: Ցուցմունքի մի մասի հրապարակումից հետո վկան ասաց, որ նախաքննական ցուցմունքը ճիշտ է: Դատավորի հարցին՝ այդ դեպքում ինչու է վկան դատարանում հայտնում, թե հայհոյանք չի եղել, վկան պատասխանեց, որ հայհոյանքներ եղել են, բայց ինքը չի հիշում՝ ում կողմից են դրանք հնչեցվել: Ա. Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ խնդրեց հայտնել ի վերջո ինչու են բերման ենթարկել Ա. Կիվիրյանին՝ հայհոյանք ու վիավորանք տալու, թե ճանապարհի մի մասին նստելու համար: Վկան նախ ասաց, շատ բաներ չի հիշում, քանի որ երկար ժամանակ է անցել, ապա նշեց, որ ճիշտ է իր գրավոր ցուցմունքը: