Ղրիմի թաթարների առաջնորդ Ջեմիլևին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար
ВВС News-ի փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Նրա թեկնածությունը հավանության են արժանացրել թաթարական մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաև Թաթարստանի Ավագների խորհուրդը, Թաթարական հասարակական կենտրոնը և Ղրիմի թաթարների մեջլիսը:
Նրանց տարածած համատեղ հայատարարությունում նշված է. «Անկասկած է, որ Մուսթաֆա Ջեմիլևը հեղինակավոր այդ մրցանակիամենաարժանավոր հավակնորդներից մեկն է»: Ջեմիլևի թեկնածությանն աջակցող այդ կազմակերպությունները կարծում են, որ հենց Ջեմիլևի շնորհիվ են Ղրիմի թաթարներն ինտեգրվել ուկրաինական հասարակությանը՝ դառնալով նրա մասնիկ:
Մուսթաֆա Ջեմիլևը խորհրդային այլախոհ է, նա ավելի քան 15 տարի անցկացրել է բանտերում ու ճամբարներում՝ ձգտելով հասնել ստալինյան բռնագաղթից հետո Ղրիմ իր ժողովրդի վերադառնալուն: Ջեմիլևին արդեն իսկ երկու անգամ առաջադրել են Նոբելյան մրցանակի համար՝ 2009 և 2011 թվականներին:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր, որ Մուսթաֆա Ջեմիլևին արգելել են Ղրիմ մուտք գործել մինչև 2019 թվականը: