Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը հաստատել է թուրքական հետախուզության լիազորություններն ընդլայնող օրինագիծը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գործունեությունում փոփոխություններ անել նախատեսող օրինագիծը: Ապրիլի 18-ին այդ օրինագիծը հավանության էր արժանացրել Թուրքիայի խորհրդարանը:

Դրա համաձայն, MIT-ի գործունեությունը նաև նախատեսելու է կառավարության հանձնարարականների կատարում՝ ուղղված երկրի անվտանգության ապահովմանը: Բացի այդ, այսուհետ MIT-ի աշխատակիցների նկատմամբ դատական գործընթացները դիտարկելու է միայն Թուրքիայի Գերագույն դատարանը, MIT-ի աշխատակիցների նկատմամբ կայացված դատվճիռները ենթակա չեն լինի վերանայման, MIT-ի աշխատակիցների ընտանիքների անդամները ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում գտնվելու են պետության պաշտպանության տակ:

Ուղղումները զգալիորեն ընդլայնել են MIT-ի լիազորությունները և թույլատրել են ուղիղ շփումներ հասատել յուրաքանչյուր կազմակերպության ու մասնավոր անձանց հետ, այդ թվում նաև ահաբեկիչների հետ: Դրա հետ մեկտեղ MIT-ն իրավունք է ստացել խորհրդարանին դիմելուց հետո օպերացիաներ անցկացնել Թուրքիայի սահմաններից դուրս:

MIT-ը կարող է, առանց դատարանի համապատասխան որոշման, իրականացնել հեռախոսազրույցների գաղտնալսումներ, եթե դա բխում է տրված առաջադրանքների կատարման շահերից: MIT-ի աշխատակիցները կազատվեն հատուկ գործողություններ անցկացնելու ժամանակ հնարավոր օրինախախտումների համար քրեական հետապնդումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս