Ինչու է Հովիկ Աբրահամյանն այցելել իրեն վիրավորողներին
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի դադարում անակնկալներ մատուցել: Նա երեկ ամառային կայծակի պես անսպասելի, գարնանային կարկուտի նման` խրոխտ, այցելել է Ազգային Ժողով: Ոչ թե իր արդեն նախկին աշխատասենյակի իրերը հավաքելու, այլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության սենյակում հավաքված «հրաշալի քառյակի» նիստին մասնակցելու համար: Քառյակի հանդիպումները միշտ փակ են լրագրողների համար:
Քառյակի անշրջելիորեն դեմոկրատական ուժերն առանձնապես ջանք չեն գործադրում բացատրելու համար, թե ինչո՞ւ են իրենք` ժողովրդավարության անմռունչ մարտիկները, այդչափ հակադեմոկրատական քայլ անում` լրագրողներից, այսինքն` հասարակությունից գաղտնի պահելով, թե ինչպես են մշակում հասարակության փրկության քայլերը:
Կարելի է ենթադրել, որ քառյակի անդամները նիստերին լրագրողներին ներս չեն թողնում, որպեսզի հանկարծ չարամիտ ու իշխանասպասարկ լրագրողները չլուսաբանեն քառյակի ազգափրկիչ հավաքները, և հանկարծ իշխանությունները չտեղեկանան իշխանության դեմ ուղղված քայլերին ու չկանխեն այն: Բայց երեկ Հովիկ Աբրահամյանի թիկնազորը ԲՀԿ սենյակի դռները չի կոտրել, որևէ մեկի կողմից դիմադրություն ցույց չի տրվել, քառյակի դռները բարեկամաբար բացվել են նրա առաջ: Իսկ միջանցքում սպասող լրագրողների վկայությամբ` Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ նիստի ընթացքում աթոռներ չեն կոտրվել, անգամ մոխրամաններ չեն նետվել որևէ լուսապսակ ճակատի ուղղությամբ:
Չի լսվել նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի բողոքի ու բոյկոտի ձայնը, անգամ Արամ Մանուկյանը չի քաշել նրա կոստյումի թևքից ու չի փորձել դուրս հանել սենյակից ու չի հիշեցրել, որ ընդամենը մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը մասնակցելն ինքն անձամբ որակել էր` որպես անհեթեթություն: Մի խոսքով, երեկ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է հատվածաբար ամբողջական իշխանափոխություն պահանջող քառյակի նիստին, որին լրագրողների մուտքը, կրկնում ենք, արգելված էր` իշխանությունների համար իշխանափոխության պլանները չբացահայտելու խիստ կոնսպիրատիվ նկատառումներով:
Ստացվում է, որ կամ Հովիկ Աբրահամյանն իշխանություն չէ, կամ իշխանություն է, բայց քառյակը նրան խոստացել է իշխանությունն ամբողջությամբ «քցելու» դեպքում` նրան «բռնել»: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել Հովիկ Աբրահամյանի հանդուրժողականությանն ու ներողամտությանը, որին հասնելու համար նա կանգ չի առել անգամ սեփական խոստումները դրժելու առջև:
Ընդամենը երեք օր առաջ նա վճռականորեն հայտարարել էր, որ քաղաքական ուժերի կողմից միասին աշխատելու իր հրավերը չընդունելը կհամարի անձնական վիրավորանք: Ուժերն այդ, ինչպես հայտնի է, չընդունեցին Աբրահամյանի հրավերը, այսինքն` անձնապես վիրավորեցին նրան: Վարչապետը, սակայն, չվիրավորվեց կամ վիրավորվելով`անձնական զգացմունքները ստորադասեց պետական շահին: Մի խոսքով` իսկական ալտրուիստ: Հովիկ Աբրահամյանը: Քառյակի նիստում: Իսկ գուցե հնգյակի՞:
Իրականում Հովիկ Աբրահամյանի այցը, բացի «խաղաղության աղավնին» օպերացիայի մաս լինելուց, քաղաքականապես կարող է այլ նպատակ հետապնդել` քառյակի պահպանումն ու ընդլայնումը: Վերջին օրերին, հատկապես նոր կառավարության հին անդամների նշանակման համատեքստում` «արտահերթ» արտահայտությունը սկսել է ավելի հաճախ հնչել քաղաքական շրջանակներում` իշխանական կուլիսներում` առաջին հերթին: Իսկ այդ դեպքում քառյակը կարող է պահանջված դառնալ: Ոչ միայն ու ոչ այնքան Հովիկ Աբրահամյանի համար: Բայց այդ մասին, ինչպես ժամանակին սիրում էր ասել քառյակի առաջավոր անդամներից մեկի առաջնորդը` հաջորդ դասին: