Հրանտ Վարդանյանը նշանակալի դեմք էր Հայաստանի տնտեսության մեջ. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Ապրիլի 20-ին կեսգիշերին մոտ, 65 տարեկան հասակում, «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի գործարար, «Գրանդ հոլղինգի» հիմնադիր և ղեկավար Հրանտ Վարդանյանը։ Երբ նրան հասցրել են բժշկական կենտրոն, բժիշկները արձանագրել են, որ արդեն իսկ տեդի է ունեցել սրտի կանգ։ Մոտ 1.5 ժամ պայքարել են նրան փրկելու համար, սակայն ապարդյուն։

Հրանտ Վարդանյանը նշանակալի դեմք էր Հայաստանի տնտեսությունում։ Նրա հիմնադրած «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Գրանտ տոբակո», «Գրանդ Քենդի» ընկերությունները կոշտ մրցակցության պայմաններում ամուր դիրքեր ունեն Հայաստանի շուկայում և մրցունակ են օտարերկրյա մի շարք շուկաներում։

Այդ ընկերությունները գտնվում են խոշոր հարկատուների ցանկի աոաջին 30-ի մեջ և անցած տարի միասին վճարել են ավելի քան 18 միլիարդ դրամի հարկ։ Այս ցուցանիշով Վարդանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները հինգերորդ խոշորագույն հարկատուն են Հայաստանում։

Ընդ որում, խոշոր հարկատուների ցուցակի աոաջին երեսուն հորիզոնականում հազվագյուտ ընկերություններ կան, որ չեն պատկանում հանքարդյունաբերության, հեռահաղորդակցաթյան ոլորտին կամ խոշոր ներկրող չեն, բայց հանդիսանամ են խոշորագույն հարկատու։ Այդպիսի երեք ընկերությունների հիմնադիր է Հրանտ Վարդանյանը։ Հենց այս հանգամանքն է, որ նրան տարբերակում է Հայաստանցի խոշորագույն գործարարների ցանկում։

Վերը նշված ձեռնարկություններից առնվազն երկուսը «Գրանտ տոբակոն» և «Գրանդ Քենդին» Խորհրդային Միության փլուզման հետ փլուզված, ապա վերականգնված և մրցունակ արտադրության վերածված ընկերություններ են։ Վարդանյանը, որպես արդյունաբերող ձևավորված լինելով Խորհրդային Միության տարիներին, խորապես հավատացած էր, որ Խորհրդային Հայաստանի արդյունաբերական հզորությունները կարելի է համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին և ունենալ արդյունաբերության վրա հիմնված տնտեսության։

Առնվազն երկու դեպքում նա անառարկելիորեն ապացուցեց այդ թեզի ճշմարտացիությունը, չնայած դա շատերին էր անհնար թվում։
Վարդանյանը փորձում էր Հայաստանի իշխանության, ընդդիմության, հանրության ներկայացացիչներին համոզել, որ տնտեսական զարգացման միակ արդյունավետ ճանապարհը տեղական արտադրողին պաշտպանելը, խրախուսելն է, որովհետև տեղական արտադրությունն է երաշխավորում կայուն աշխատատեղեր, կայուն եկամուտներ աոավել թվով քաղաքացիների համար և հզորություն երկրի տնտեսության համար։ Նրա այս գաղափարը միշտ չէ, որ ըմբռնում էր գտնում քաղաքական շրջանակներում, երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով։
Կա ևս երկու առանձնահատկություն, որ Վարդանյանին տարբերակում է միջին վիճակագրական հայաստանցի միլիոնատիրոջից։

Աոաջինը նա երբեք մոնոպոլիաներ և մենաշնորհներ չի ունեցել, ընդհակառակը և ծխախոտի, և հրուշակեղենի արտադրությունը կայացրել է այն պայմաններում, երբ հայաստանյան շուկան հագեցած, նույնիսկ գերհագեցած է եղել ներկրվող ապրանքների տեսականիով։

Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ նա կարողացավ դիրքավորվել այնպես, որ ներքաղաքական պայքարի կողմ չդարձավ։ Նա, իհարկե, հայտնի քաղաքական կապեր ուներ, երբեմն գտնվում էր քաղաքական պայքարի կողմ դառնալու եզրին, երբեմն թվում էր, թե ուր որ է կհատի այդ սահմանը, բայց իրականում երբեք չհատեց։

Մեծ հաշվով, նա երբեք բիզնեսմեն չդարձավ ժամանակակից, հանրամատչելի իմաստով։ Խորհրդային տարիներին նա արտադրող էր, անկախ Հայաստանում դարձավ արդյունաբերող։ Սա մի տրանսֆորմացիան էր, որ անհրաժեշտ էր անկախացած Հայաստանի տնտեսությանը։ Տնտեսությունը չկարողացավ իրագործել դա, Վարդանյանը կարողացավ մնալով սակավաթիվ հաջողակներից մեկը»։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս