Թուրքիայի ՆԳՆ-ն արգելել է Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում մայիսմեկյան երթ անցկացնելը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում չի անցկացվի մայիսմեկյան երթ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
Նրա խոսքերով՝ «Թաքսիմ» հրապարակը հարմար չէ նմանատիպ երթեր անցկացնելու համար, ինչի համար էլ անհրաժեշտ է մայիսմեկյան երթն անցկացնել ոչ թե «Թաքսիմում», այլ՝ մեկ այլ վայրում: Նախարարն ընդգծել է, որ զանգվածային միջոցառումներ անցկացնելու հարցում պետք է հաշվի առնել բազում գործոններ, այդ թվում նաև բնակչության անվտանգության հարցը:
Նշվում է, որ հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) այսօր հայտարարել է, որ իր կողմնակիցները մայիսի 1-ին հավաքվելու են Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում ավանդաբար բախումներ են գրանցվում կոմունիստների ու իրավապահների միջև: