Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ոչ բավարար վիճակն արտահայտում է հայ հասարակական-քաղաքական մտքի տկարությունը և՛ ՀՀ-ում, և՛ Սփյուռքում

(Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ)
Հարցազրույց պատմաբան Տիգրան Սարուխանյանի հետ

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ ցեղասպանագիտական հետազոտությունների ոլորտը ՀՀ-ում գտնվում է ոչ գոհացուցիչ վիճակում: Միաժամանակ ընդգծել էիք դրան խոչընդոտող հանգամանքները: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Հայաստանում չկա գեթ մեկը, որը չկարծի, թե պատկերացում ունի Հայոց ցեղասպանության խորքային պատճառների ու դրանց հետևանքների մասին, մասնավորապես, կարծես բոլորը միահամուռ են այն տեսակետում, որ ցեղասպանություն իրականացրած պետության իրավահաջորդը` Թուրքիայի Հանրապետությունը, պետք է պատասխանատվություն կրի և փոխհատուցի վնասները: Իրականում, սակայն, Հայոց ցեղասպանության պատմության բազում հարցեր անգամ մեր իրականության մեջ լուսաբանվել են միակողմանի` սահմանափակվելով զոհի զգացմունքային տեսաշխարհով, իսկ պատմության միակողմանի լուսաբանման համար գոյություն են ունեցել ինչպես` օբյեկտիվ, այնպես էլ` սուբյեկտիվ պատճառներ:

Նշեմ դրանցից միայն մի քանիսը: Խորհրդահայ պատմագիտությունը, լինելով արգելափակված գաղափարական կապանքներով` պարտադրված «ռուս-թուրքական» 1921թ. բարեկամության մասին պայմանագրով, ապա` ժողովուրդների բարեկամության ցանկալի, բայց իրականում ոչ կենսագործվող պոստուլատներով, չէր կարող գիտության այս ոլորտում ունենալ լուրջ առաջադիմություն: Հայոց ցեղասպանության պատմության ոչ համապարփակ ուսումնասիրությանը խանգարել են նաև օտար պետությունների սկզբնաղբյուրներին, առաջին հերթին` արխիվների հետ ծանոթանալու հնարավորություն չունենալու հանգամանքը:

Խորհրդային տարիներին դա անհնարին էր` քաղաքական պատճառներով, իսկ հետխորհրդային տարիներին` մեծամասամբ նյութական միջոցների բացակայության, նաև հարցի կարևորությունն ընկալել չկարողանալու պատճառով: Ուրեմն, պարտավոր ենք փաստել, որ մեր ժողովրդի պատմության այս հատվածն ընկալվել է մի կողմից` չափազանց զգայականացված կերպով` բնավ օգուտ չբերելով հիմնախնդիրների լուծմանը, մյուս կողմից` քաղաքականացված:

– Ո՞րն է ցեղասպանագիտության խնդիրը, ինչո՞ւմ է կայանում գիտական այս ոլորտի նպատակը:

– Նախ` ցեղասպանագիտությունը, որպես այդպիսին, ձևավորվեց 1960-ական թվականներին, որքան էլ տարօրինակ հնչի` գլխավորապես ԱՄՆ-ում` մի երկրում, որը ստեղծվել է տեղի հնդկացի ժողովուրդների ոչնչացման շնորհիվ: Աշխարհին ժողովրդավարություն ուսանող այս երկրում մինչ օրս սակավաթիվ պահպանված տեղաբնիկները բնակվում են հատուկ ռեզերվացիաներում` զրկված լինելով մարդու տարրական այն իրավունքներից, որի տարածման ու պաշտպանման համար նույն ԱՄՆ-ը հսկայական միջոցներ է տրամադրում աշխարհի տարբեր` «բռնատիրությունից ազատվել ձգտող» երկրներին ու ժողովուրդներին:

Որքան էլ որ տմարդի է, այնուամենայնիվ, մարդու իրավունքները, իսկ դրա գլխավոր, առանցքային` ապրելու իրավունքը վերածել է քաղաքական գործիքի, որով օժտվում են միայն զորեղները: Ցեղասպանագիտության առաջացման գլխավոր պատճառը, սակայն,

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում տեղ գտած այն արհավիրքն էր, որը պատմությանը հայտնի է Հոլոքոստ անվամբ: Մարդկության պատմության մեջ աննախադեպ այս հանցանքն իր ծավալներով գերազանցեց մինչ այդ տեղ գտած ժողովուրդների ոչնչացման բոլոր դեպքերին: Բնաջնջվել էին տասնյակ` միլիոնավոր մարդիկ` մասնավորապես` Գերմանիայի և Երրորդ Ռեյխի օկուպացիոն տարածքներում բնակվող շուրջ վեց միլիոն հրեաներ` որպես ստորին ռասա, էթնիկական այլ խմբեր` իրենց քաղաքական հայացքների և, ընդհանրապես, այլախոհության համար, սպանվել էին տասնյակ-հազարավոր գործիչներ, համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվել էին միլիոնավոր ռազմագերիներ ու Երրորդ Ռեյխին թշնամի հանդիսացող պետությունների քաղաքացիներ:
Այնուամենայնիվ, ցեղասպանագիտության հիմնադրումը, մեր կարծիքով` պետք է վերագրել Ռաֆայել Լեմկինին:

Լեմկինն իսկապես կնքահայրն էր` ինչպես «ցեղասպանություն» տերմինի, այնպես էլ` ցեղասպանությունը որպես մարդկության պատմության մեջ մեծագույն ոճիր դասակարգող գաղափարի: Այն իր ամփոփումը գտավ 1949թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանությունը կանխելու և դրա դիմաց պատժելու մասին» կոնվենցիայում: Ցեղասպանագիտության հիմնադիր Լեմկինի առաջարկած կոնվենցիան կարծես ամփոփում է գիտության այս ոլորտի գերնպատակը` այն կանխելը և դրա դիմաց անկախ վաղեմության` պատժելը:

Մեր կարծիքով, սակայն, ցեղասպանագիտության գերնպատակը պետք է հանդիսանա ոճրագործության ողջ հետևանքների ի հայտ բերումն ու դրանց հնարավորինս վերացումը: Ինչպես գիտության յուրաքանչյուր ոլորտ, այնպես էլ ցեղասպանագիտությունը ստատիկ չէ: Այս ոլորտի բազմաթիվ գիտնականներ առաջարկում են իրենց հայեցակետերը: Բազում հետազոտողների համար ցեղասպանագիտությունն ուղղակի հետազոտություն է` դրդված անձնական, մասամբ` նաև քաղաքական հրամայականներով:

– Ապրիլի 24-ին շատ հայեր, «շունչները պահած», սպասում են ինչ-որ երկրի ինչ-որ նախագահի կամ պառլամենտի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին հայտարարության, հետո, որպես կանոն, հիասթափվում, երբ սպասելիքը չի արդարացվում: Ցեղասպանագիտության նպատակը միայն Հայոց մեծ եղեռնի ճանաչո՞ւմն է:

– Ձեր հարցի մեջ արդեն առկա է տրամաբանական պատասխանը: Ամբողջ զավեշտն այն է, որ, չգիտես` ինչո՞ւ, այդ օրը որևէ մեկը պետք է հանդես գա և մեկնի իր անորոշ, ոչինչ չպարտադրող հայտարարությունը: Ի՞նչ է շահելու ակնկալվող դեկլարատիվ հայտարարությունից հայ ժողովուրդը, ինձ այդպես էլ հայտնի չէ: Բերեմ մեկ օրինակ. Ռուսաստանի Պետական դուման ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ, դրանից որևէ բան հայ իրականության մեջ փոխվե՞լ է արդյոք: Միանշանակ` ոչ:

Ուղղակի ցավալին այն է, որ հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրի տևական ժխտման և պատմության նենգափոխման, նույն եվրոպական ու մեծ տերությունների ձեռքերին չարչրկված Հայկական հարցը, որը հանգեցրեց Օսմանյան Թուրքիայում, ապա` Արևելյան Հայաստանի մի հատվածում հայերի բնաջնջմանը, այդպես էլ հայերի տարբեր պատմական ժամանակներում «դաշնակից» հորջորջած տերություններից շատերի կողմից, ոչ միայն իրավական պատասխանատվության չենթարկվեց, այլ մինչ օրս անգամ բարոյական գնահատականի չարժանացավ:

Իսկ ԱՄՆ-ում այս կամ այն նախագահի ընտրությունների վրա տասնյակ-միլիոնավոր դոլարներ վատնող տարբեր հայ հասարակական-քաղաքական ուժերն ընդամենը ակնկալում են լսել մեկ բառ` «ցեղասպանություն», այն էլ` աղերսալի հայացքով: Կարծում եմ` այս քաղաքականությունը պետք է կտրուկ վերանայվի: Հայ համայնքի անունից հանգանակվող այդ հսկայական գումարները, որոնք, կարծես տնօրինում է մարդկանց մի խումբ, պետք է ներդրվի գիտական դպրոցների ստեղծմանը և արդյունք ստեղծող գիտնականների զարգացմանը:

Այս պարագայում ցեղասպանության վնասների վերականգնման և ոճիրը դատապարտելու հարցում հնարավոր է հասնել լուրջ հաջողության: Դրա համար առկա են կենսունակ հիմքեր ու հաջողության հասնելու լուրջ կռվաններ: Բերեմ դրա լավագույն օրինակը: Ավելի դյուրին կլիներ, ավելի պակաս միջոցներ ծախսելու շնորհիվ, ժողովրդավարական երկրներում նախաձեռնել դատական գործեր: Այդ պարագայում հաջողության հասնելու հավանականությունը գրեթե անժխտելի է: Ցավալի է, որ միայն ինը տասնամյակ անց հաջողվեց չնչին գումարներ ստանալ Օսմանյան Թուրքիայում հայերի կյանքն ապահովագրած «Նյու Յորք Լայֆ» և մի շարք այլ փոքր ապահովագրական ընկերություններից:

Մինչդեռ դրանից հարյուրապատիկ ավելի գումարներ յուրացվել են Օսմանյան Թուրքիայի դաշնակից, ապա` Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիային պարտության մատնած հայերի «դաշնակից» տերությունների կողմից, որոնք դաշնակցին բզկտման հանձնեցին Առաջին Հանրապետության վրա արշավող քեմալականներին: Իսկ Հայաստանի խորհրդայնացումից հետո պատմության գիրկն ուղարկեցին ինչպես` Հայկական հարցը, այնպես էլ` հայ ժողովրդի բնաջնջման ողջ հանցանքն ու ոճրագործներին: Գերմանական և անգլիական արխիվներում մեզ հաջողվեց գտնել ոչ միայն պատմությանն առնչվող նորահայտ փաստաթղթեր, այլև բազմաթիվ պաշտոնական վավերագրեր, որոնք փաստում են, որ հայերի ոչնչացումն ու թալանը պայմանավորված է եղել եվրոպական տերությունների ֆինանսական շահերով, ու նրանք մասնակից են դարձել հատկապես հայերի բանկային կապիտալի հետագա յուրացմանը: Դրանք տասնյակ-միլիարդավոր գումարներ են:

Ուրեմն, որքան դյուրին է, քիչ ավելի գումար ծախսելով, ոչ թե հանդես գալ աղերսողի դերում, այլ` պահանջատերի: Իսկ իրավական պետություններում, հավատացնում եմ, դատական ոչ մի մարմին իրավասու չէ և ոչ էլ ի զորու` մերժելու իրավական արդար պահանջը: Կարծում եմ, այդ ժամանակ, երբ դատական մարմինն արձանագրի փաստը, այլևս դեկլարատիվ հայտարարությունների կարիք էլ չի լինի:

Ուղղակի ցավալին այն է, որ մեր իսկ ազգային խնդիրները մոնոպոլիզացվել են սփյուռքի տարաբնույթ հասարակական ու քաղաքական որոշ ուժերի կողմից, որոնց գոյությունն էլ, թերևս, պամանավորված է տվյալ երկրների քաղաքական էլիտայի «բարի կամքով»: Անհերքելի է այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման այսօրվա ոչ բավարար վիճակն արտահայտում է հայ հասարակական-քաղաքական մտքի տկարությունը ոչ միայն Հայաստանում, այլև` Սփյուռքում:

Իսկ այն, որ հարցի քննարկումը բավարարվում է մեդալաբաշխությամբ ավարտվող գիտաժողովներով և ապրիլյան «կռահումներով», արդեն խոսուն ապացույցն են այն բանի, որ մենք չունենք գործողության հստակ ծրագիր: Եվ միամտաբար չպետք է կարծել, որ մեր ժողովրդի կողմից շքանշանների արժանացած օտարները, իրենց երկրների ազգային շահերն ու իրենց գործը թողած, պետք է ճգնեն` հանուն հայ ժողովրդի:

– Հայաստանի անկախացումից հետո ցեղասպանության մասին հիշատակող, թերևս, միակ կենտրոնը Ցեղասպանության թանգարանն է: Սա, կարծես, առավելագույնն է, որ մենք արել ենք անկախության տարիներին, բայց առիթը չենք կորցնում բողոքելու և դժգոհելու, թե ինչո՞ւ «անարդար» աշխարհը ճանաչել է Հոլոքոստը, մինչդեռ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դեռևս օրակարգում է: Տվյալ պարագայում ոմանք պնդում են, թե գերմանացին թուրք չէ, որ ճանաչեր: Մի՞թե այստեղ գերմանացու և թուրքի խնդիրն է, թե՞ հայերն ու հրեաներն են շատ տարբեր:

– Կարծում եմ, որ հարցադրումը և եզրահանգումները մասնակի սխալ են: Հիմնավորեմ` Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության հիմքը դրվել է, ինչպես Խորհրդային Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Խնդրին անդրադարձել են սփյուռքահայ հայտնի գիտնականներ Ռիչարդ Հովհաննիսյանը, Վահագն Տատրյանը և այլք: Հայազգի շատ այլ գիտնականներ կատարեցին հնարավորինը` գիտական սեղանին դնելու ամենամոռացված ցեղասպանություններից մեկի` Հայոց մեծ եղեռնի շուրջ գիտական բազում ուսումնասիրություններ:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, ապա` այն մինչ օրս չի կարողացել միջազգային գիտական շրջանառության մեջ դնել իր ազդու, յուրահատուկ այն աշխատանքները, որոնք օտար ընթերցողին, իրեն հասանելի լեզվով, կիրազեկեին անկախ ցեղասպանագիտության հայկական դպրոցի առկայության և լրջմտության մասին: Պատճառները բազում են: Նշեմ դրանցից մի քանիսը: 1995թ. հիմնված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր անդրանիկ ասպիրանտներն ունեցավ միայն 1998թ.:

Դա այն երիտասարդների սերունդն էր, որ պետք է գիտական հետազոտությունների արդյունքում հրապարակ ներկայացներ գիտական այն թեզերը` նոր խոսք հայտնելով և նոր էջ բացելով հայկական ցեղասպանագիտության ոլորտում: 1998-2005թթ. ընթացքում ինստիտուտ-թանգարանի ասպիրանտներն իրենց գիտական ատենախոսություններն են պաշտպանել ցեղասպանագիտության ոլորտում, բայց, ցավոք, կարճ ժամանակ անց լքել են ոլորտը:

Մեր առաջին ասպիրանտների տեսակետն այն էր, որ ինստիտուտի գործունեությունը պետք է լիներ առաջնահերթ` բնավ չնվազեցնելով թանգարանի արժեքը: Ցավով, պետք է նշեմ, որ այսօրվա թանգարանի ղեկավարությունն առաջնահերթ է համարում թանգարանի գործունեությունը: Չգիտեմ` ինչով դա բացատրել: Թերևս, նրանով, որ գիտական ինստիտուտի ներդաշնակ գործունեության համար անհրաժեշտ են կադրեր, իսկ այդ նախորդ սերնդի աշխատանքի արդյունքներն այդպես էլ պատշաճ գնահատականի չարժանացան: Մինչդեռ գիտական գործունեության հաջող ընթացքը կարող էր բեկում մտցնել Հայոց մեծ եղեռնի տարելիցի նախօրեին:

Ցեղասպանագիտության գիտական ողջ ձեռքբերումներն օգտագործելու արդյունքում` չէին լինի «թուրք-հայկական»` կյանքի չկոչված արձանագրությունները, Հայոց ցեղասպանության դիմաց փոխհատուցման իրավական փաթեթը դրված կլիներ հանրապետության ղեկավարի առջև, հրապարակված կլինեին անգլիական, գերմանական և այլ տերությունների բազմահազար ծավալ ունեցող արխիվները, նոր որակ հաղորդված կլիներ ցեղասպանության` միջազգային հարթակներում արծարծմանը:

Մինչդեռ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն` հարյուրամյա տարելիցին պատրաստվում են միջազգային պլանային գիտաժողովի անցկացմամբ և շրջիկ ցուցահանդեսների կազմակերպմամբ: Սա ուղղակի անբավարար է: Թանգարանային ցուցանմուշներով և թանգարանային տարածքի ընդլայնմամբ չի լուծվում ցեղասպանագիտության գլխավոր խնդիրը` վնասների վերականգնում և նմանատիպ ոճիրների կանխում, նաև` ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը մինչ օրս չի ստացել որևէ փոխհատուցում:

Իսկ ոճրագործ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ Թուրքական Հանրապետությունը, մեկ տասնամյակից ավելի, շրջափակում է իր զոհին` կտրելով նրա կենսունակությունն ու բնական կյանքն ապահովող հաղորդակցման ուղիները` նոր սպառնալիքներ տալով պետականության կերտման ճանապարհին հանգրվանած, դեռևս թույլ ու մասնակի մեկուսացված ՀՀ-ին:

Այս առումով, կարծում եմ, ուշացած են հայկական ցեղասպանագիտական դպրոցի և նոր սերնդի ստեղծման փորձերը: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը», որը, չգիտես ինչու, ձեռնամուխ է եղել անգամ հայ ռազմարվեստին նվիրված աշխատությունների հրապարակմանը (մի ոլորտ, որը բնավ չի առնչվում իր գիտական գործառույթին), ավելի կենսունակ քայլեր պիտի կատարի Հայոց ցեղասպանության ուսումնասիրման ուղղությամբ և, գերնպատակներից մեկը պիտի դարձնի ինստիտուտում ֆինանսավորվող գիտական ուսումնասիրությունների հրապարակումը միջազգային պարբերականներում:

– Դուք աշխատել եք Մեծ Բրիտանիայի արխիվային կենտրոններում: Ի՞նչ բացահայտումներ եղան Ձեզ համար:

– Այո: Գլխավոր բացահայտումն այն էր, որ անմիջական արխիվային փաստաթղթերի հիման վրա կարողացանք շարադրել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում և Մեծ Բրիտանիան (1915-1918թթ.)» ատենախոսությունը և հրատարակել այն Հայաստանում` մենագրության տեսքով: Պետք է մատնանշեմ, որ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում սա առաջին գիտական աշխատությունն է, որ հրատարակվել է Հայաստանում` ամբողջությամբ հիմնված ուղղակի, անմիջական օտար պետության արխիվային սկզբնաղբյուրների հիման վրա:

Այն իր էությամբ շատ հարցերում վերանայում է պաշտոնական Անգլիայի կողմից Հայոց ցեղասպանության տարիներին որդեգրած քաղաքականության իրական շարժառիթները` մասամբ վերանայելով նաև մինչ այդ գիտական շրջանառության մեջ դրված «հայասերների» կեղծարար բնույթը և Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության հետագա ժխտման շարժառիթները:

Բացահայտումներն, իհարկե, վերաբերում էին այն բազմահազար էջ արխիվային փաստաթղթերին, որոնք մինչ օրս չեն հրատարակվել և պահվում են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և բազում այլ արխիվային հաստատություններում: Այդ սկզբնաղբյուրների մի զգալի մասն առնչվում է նաև 1918-1920թթ. ընթացքում Բաքվում, Ղարաբաղի ողջ տարածքում թաթարների իրականացրած տասնյակ-հազարավոր հայերի կոտորածների իրական կազմակերպիչների և այդ կոտորածների իրական հիմքերի հետ:

Թվում է, որ նորաստեղծ ՀՀ-ն անտարբեր չպետք է մնար նման փաստաթղթերի առկայության փաստի նկատմամբ և օր առաջ կձեռնարկեր անհրաժեշտ միջոցներ` դրանք հրապարակելու համար: Սակայն դրանք մինչ օրս մնում են անտիպ, իսկ հարևան Ադրբեջանի էմիսարներն անխոնջ աշխատում են այդ արխիվներում` հրապարակ բերելով նենգափոխված ու աղճատված պատմության իրենց տեսլականը` հայերի կողմից իրականացված թաթարական ջարդերի առասպելը:

Պատմության նենգափոխման համար ադրբեջանցի գիտնականները և նրանց սնող պետական կառույցները, ի տարբերություն մեզ, չեն խնայում ո՛չ նյութական միջոց, ո՛չ էլ մարդկային ռեսուրսները տարանջատում են կուսակցական կամ թիմային պատկանելության: Ի տարբերություն մեզ, համազգային հարցերի լուծման խնդրում ադրբեջանական հաջողության գրավականը պայմանավորված է համընդհանուր գործունեությամբ` առանց հաշվի առնելու կուսակցական, կլանային և թիմային պատկանելությունները: Իսկ տարիներ ի վեր անգլիական արխիվներում մեր հետազոտության արդյունքների զգալի մասը, որը կարող էր մեծ նպաստ բերել ազգային տարաբնույթ հարցեր լուծելուն, նաև` ազգային անվտանգության հայեցակարգեր մշակելուն, այդպես էլ մնաց անտիպ ու անկատար` գլխավորապես պետական և գիտական պատկան մարմինների կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով:

– Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ենք: Այսօրվա պասիվ գործելակերպից կարելի է ենթադրել, որ, բացի պաշտոնական մի քանի միջոցառումներից, արձանագրելու որևէ բան չենք ունենալու: Ըստ Ձեզ` ի՞նչ քայլեր պետք է արվեն:

– Ես կիսում եմ ձեր այս տեսակետը: Մեր ունեցած տեղեկության համաձայն, որը ստացել ենք արտերկրի մեր գործընկերներից, 100-ամյա տարելիցին ծրագրված է Հայաստանում հրավիրել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի գիտաժողովը: Ասեմ, որ նման գիտաժողով հրավիրվում է տարեկան երկու անգամ, աշխարհի տաբեր երկրներում: 100-ամյա տարելիցն այս անգամ նշվելու է Հայաստանում: Մամուլում տեղ գտած հաղորդագրություններից մեզ հայտնի է, որ, նախքան 100-ամյակը, կազմակերպվելու են շրջիկ ցուցահանդեսներ` աշխարհի այս կամ այն երկրում:

Ուրեմն, արդեն հասկանալի է, որ պատմական հիշողություն ձևավորելուց բացի` որևէ գործնական քայլ չի կատարվելու: Համենայն դեպս, այդպես է հասկացվում լրահոսից: Այն հարցին, թե ի՞նչ պետք է անել, կարծում եմ` ավելի շատ անհրաժեշտ է հանդես գալ միջազգային գիտական հրապարակումներով, կազմակերպել միջազգային կլոր սեղաններ: Բայց գործնական քայլերի թվում` հրատապ եմ համարում գերմանական, անգլիական, ռուսական սկզբնաղբյուրների հրատարակումը: Բերեմ մեկ փաստ. գերմանական արխիվներից միայն Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերի մի չնչին մասն է հրատարակվել, անգլիական արխիվներից` գրեթե ոչինչ: Բավարար չեն նաև ռուսական և օտար այլ տերությունների արխիվների հրատարակումները:

Իսպառ հրատարակված չեն Կ. Պոլսի պատրիարքարանի արխիվի նյութերը, որոնք, մեր տեղեկությունների համաձայն, պահվում են Երուսաղեմում: Միայն օտար անտիպ ու անհայտ աղբյուրների հրատարակումը կարող է պատշաճ հնարավորություններ ընձեռել դատական այս կամ այն գործի համար` հնարավորություն ընձեռելով հանդես գալ օտար պետությունների դեմ` իրենց իսկ փաստաթղթերով: Չցանկանալով հրապարակել տարբեր փաստեր և փաստաթղթեր` ես համոզված եմ, որ իրավական ազդու փաստաթղթերի առկայությունը հնարավորություն է ընձեռելու բեկում մտցնել ինչպես` Հայոց մեծ եղեռնի նենգափոխման դեմ պայքարում, այնպես էլ` նրա նորանոր ճանաչման և վնասների փոխհատուցման պահանջն իրավական դաշտ ներմուծելու համար: Ես վստահ եմ, որ ինձ ծանոթ փաստաթղթերը տալու են այդ հնարավորությունը: Ժամանակը սուղ է, ինչպես ժամանակը, այնպես էլ պատմության անիվն անվերադարձ առաջ են գլորվում: Այդ անիվը հնարավոր չէ ետ շրջել, բայց ուղղորդել այն հնարավոր է, նաև` անհրաժեշտ:

Տեսանյութեր

Լրահոս