Բաժիններ՝

Թրամփը և Մերցը Վաշինգտոնում քննարկել են իրադրությունն Ուկրաինայում և ԱՄՆ մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հունիսի 5-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի, առևտրի և ամերիկյան զորքերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Թրամփը Մերցին անվանել է Գերմանիայի լավ ներկայացուցիչ և նաև «բարդ»՝ դա որակելով որպես գովասանք։ Նա նշել է, որ ԱՄՆ ուժերը կմնան Գերմանիայում, և որ ողջունում է պաշտպանական ծախսերն ավելացնելու Բեռլինի հանձնառությունը։ 

Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Օվալաձև աշխատասենյակում, որտեղ Թրամփը լարված հանդիպում էր անցկացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։

Հանդիպումից առաջ Մերցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի սպասում մաքսատուրքերի, ՆԱՏՕ-ի կամ Ուկրաինայում պատերազմի հարցում մեծ առաջընթացի։ Հետագայում նա նշել է, որ «չափազանց գոհ» է իրադարձությունների ընթացքից։ 

«Ես ամերիկացի նախագահի մեջ գտել եմ մեկին, որի հետ կարող եմ շատ լավ խոսել անձնական մակարդակով», – ասել է նա՝ հավելելով, որ Թրամփը տեսանելիորեն հուզվել է իր պապիկ Ֆրիդրիխ Թրամփի 1869 թվականի գերմանական ծննդյան վկայականի ֆաքսիլիմեն նվեր ստանալուց։

Հայտնի է, որ Թրամփի տատիկն ու պապիկը ԱՄՆ են գաղթել Գերմանիայի արևմուտքում գտնվող Կալշտադտ համայնքից (Ռեյնլանդ-Պֆալց դաշնային նահանգ)։

«Մենք իսկապես լավ քննարկում ունեցանք, և կարծում եմ, որ կարողացանք կառուցել ամուր անձնական հարաբերություններ»,- ավելի ուշ գերմանական RTL հեռուստաընկերությանն ասել է Մերցը։ ​​Նա լրագրողներին նաև հայտնել է, որ Թրամփն ընդունել է Գերմանիա այցելելու իր հրավերը, և իրենք այժմ կքննարկեն ամսաթիվը։

Անդրադառնալով Ուկրաինայի հարցին՝ Մերցը նշել է, որ նպատակը պարզ է՝ պատերազմի հնարավորինս շուտ ավարտ։

«Սա ռազմական ճանապարհով տեղի չի ունենա», – հավելել է նա։Մերցը կոչ է արել Միացյալ Նահանգներին քաղաքական պատասխանատվություն ստանձնել և նպաստել հակամարտության ավարտին։

Կանցլերը նաև ասել է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ուժեղացվի, այդ թվում՝ նոր սահմանափակումների միջոցով։ «Ես անձամբ կխոսեմ որոշ սենատորների հետ, որոնք ցանկանում են հիմա ընդունել լայնածավալ պատժամիջոցների փաթեթ», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ 

«Ամերիկայի նախագահը դեռ չի որոշել, թե ինչպես է մասնակցելու դրան և արդյոք կաջակցի դրան», – հավելել է նա։

Ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ Մերցը հույս է հայտնել, որ կողմերը լուծում կգտնեն այս առևտրային հակամարտության համար ամռան ընթացքում։ Թրամփը նույնպես հույս է հայտնել, որ առևտրային համաձայնագիր կկնքվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30