Դուք տեսնում եք միջամտություն, ես չեմ տեսնում. կարո՞ղ եմ ես չտեսնել. Սրբուհի Գալյանը կրկին հեգնեց
Եկեղեցի-պետություն հարաբերությունները նոր Սահմանադրության տեքստում վերանայելու հարց այս պահին չի քննարկվում։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բացառո՞ւմ է նման քննարկումը՝ նա պատասխանեց՝ ոչինչ էլ չի բացառում։
«Յուրաքանչյուր հնչեցված միտք գաղափար է, որը կարող է քննարկվել, և դրա շուրջ կարող է խորհրդի կողմից կոնսենսուս լինել կամ չլինել»,- ասաց Գալյանը։
Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու հարցերին միջամտելու փորձերին, ապա պարզվեց՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դրանք չի տեսնում.
«Դուք տեսնում եք միջամտություն, ես չեմ տեսնում. կարո՞ղ եմ ես չտեսնել»,- հեգնեց նա։
Հիշեցնենք` նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս չէր բացառել, որ եկեղեցի-պետություն հարաբերություններն ու պետության մասնակցության հնարավորությունը եկեղեցու գործունեությանը «թափանցիկության ապահովման» նպատակով կարող են վերանայվել նոր Սահմանադրության տեքստում։
Պատասխանելով լրագողի ճշտող հարցին, թե արդյոք դա կարող է նաև վերաբերել վեհափառի ընտրությանը, Սիմոնյանը նշել էր՝ չի բացառում։ Միաժամանակ, խորհրդարանի նախագահը շեշտել էր, որ նման քննարկում այս պահին չկա, առնվազն ինքը նման քննարկման չի մասնակցել։



