«Կարող ենք հինգ ատյան դարձնել, բայց դրանից արդարադատությունը չի շահի»
Ապրիլի 10-ին հրապարակված ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում անդրադարձ կա նաև դատական իշխանությանը: Նախագծում նշված են որոշ փոփոխությունների որոշակի տարբերակներ՝ առաջին ատյանի դատարանում կարող է ստեղծվել ինքնուրույն դատական օղակ (օրինակ՝ տեղական դատարաններ), որոնք հատուկ կամ մասնագիտացված գործառույթ (օրինակ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն) իրականացնելով` կբեռնաթափեն ընդհանուր իրավասության դատարանները՝ ապահովելով նաև կոնկրետ հարցերով դատական գործունեության պատշաճ որակը, «ուշադրության է արժանի նաև դատական ատյանների քանակի կրճատումը (եռաստիճանից՝ երկաստիճան)՝ երկրորդ ատյանում վերաքննության ու վճռաբեկության լիազորությունները ներառելու պայմանով, քննարկման առարկա է նաև ազգային արդարադատական համակարգում դեռևս չփորձված այնպիսի ինստիտուտի ներմուծումը, ինչպիսին է, օրինակ, երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորության նախատեսումը»:
«168 Ժամի» հետ զրույցում նախկին դատավոր, փաստաբանական գրասենյակի ղեկավար Պարգև Օհանյանն ասաց, որ իր առաջին տպավորությունը հայեցակարգի նախագծի մասին դրական է. «Տեսական մակարդակով գտնում եմ, որ բոլոր հայեցակարգային մտահոգությունները տեղին են, մասնավորապես՝ կապված նաև երդվյալ ատենակալների ինստիտուտի հետ, այլ հարց է, թե գործնականում ինչպես կկիրառվի դա, որքանով երաշխիքներ կլինեն: Կարճ ասած՝ դա պետք է ճանապարհ անցնի, որպեսզի զգանք: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարողանա միանգամից ասել, թե մեր երկրում, մեր հնարավորությունների սահմաններում որքանով արդյունավետ կլինի երդվյալ ատենակալների մասնակցությունը: Դա շատ լուրջ ինստիտուտ է, որն այլ երկրներում կայացման մեծ ճանապարհ է անցել:
Մասնավորապես՝ առաջին հերթին պետք է ապահովել երդվյալների գաղտնիությունը՝ այն անձանց, ովքեր կոնկրետ գործով պետք է մասնակցեն: Ընդհանրապես նորմալ եմ վերաբերվում ինստիտուտի ներդրմանը, քանի որ դրանով դատավորից վերցվում է մեղավոր ճանաչելու կամ չճանաչելու պատասխանատվությունը. երդվյալներն են որոշում մեղավորության հարցը, իսկ դատավորը միայն պատիժն է սահմանում, բայց գիտեք՝ այնտեղ կան հատուկ առանձին սենյակներ, պաշտպանության, գաղտնիության հատուկ ծրագրեր:
Ես վստահ չեմ, որ մինչև հիմա ընդհանրապես գործերի նշանակումներն են միանշանակորեն համակարգչով կատարվում: Ես դեռ այնքան էլ վստահ չեմ: Իսկ եթե չապահովվի գաղտնիությունը, պատկերացնո՛ւմ եք, պարզապես կոռուպցիոն լրացուցիչ ռիսկ է առաջանալու. չգիտեմ՝ քանի հոգի կլինեն երդվյալները՝ ինչ-որ մեկին գտնելու են, մյուսը դառնալու է մյուսներին բարեխոսելու միջնորդգ բազար էլի, շուկա»:
Պ. Օհանյանը կարծիք հայտնեց, որ դատարաններում քննվող բոլոր գործերով երդվյալ ատենակալների մասնակցությունն անհրաժեշտ չի լինի. նրանց մասնակցությունը հավանաբար անհրաժեշտ կլինի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի դատաքննություններին:
Անդրադառնալով առաջին ատյանի դատարանում ինքնուրույն դատական օղակի ստեղծմանը, որոնք հատուկ կամ մասնագիտացված գործառույթ կկատարեն, ինչպես, օրինակ, դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ, Պարգև Օհանյանն ասաց, որ դա ևս դրական քայլ է.
«Դրա մասին ինքս եմ բազմիցս խոսել, վաղուց հասունացած էր դրա անհրաժեշտությունը, որովհետև դատավորներն, իրենց բանուգործը թողած, կարելի է ասել, վերածվել են օպերատիվ աշխատողների, հերթապահում են, ընդ որում՝ առանց խտրականության՝ քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական գործ քննող (ի դեպ, պետք է մտածել նաև դրա մասին, թե ինչո՞ւ պիտի նման տարանջատում լինի, կամ եթե լինի, արդյոք այսպես հախո՞ւռն պետք է լինի, թե՞ հատուկ մասնագիտացում պետք է լինի բուհերից):
Ընդ որում, աշխատանքային ժամից դուրս զբաղվում են մինչդատական վարույթով: Ենթադրենք` ժամը 10-ին կարող են կանչել դատավորին, որպեսզի խուզարկության որոշում տա. չասեմ` որոշում կայացնի, այլ՝ որոշում տա, որովհետև, ըստ էության, դա ձևականություն է: Եթե վիճակագրությունն ուսումնասիրենք, հավանաբար չի լինի դեպք, անգամ մեկ տոկոս, որ մերժված լինի խուզարկության միջնորդությունը»:
Պ. Օհանյանը նշեց, որ կալանավորման միջնորդություններ քննարկելիս՝ դատավորները, թողնելով իրենց նախապես նշանակված նիստերը, ձախողելով դրանք, զբաղվում են կալանքի միջնորդության քննարկմամբ, որի մասին նախապես չեն իմացել:
Պ. Օհանյանի խոսքով՝ կան նմանատիպ բազմաթիվ հարցեր, որոնք մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողություն իրականացնող մարմինը, ստեղծվելու դեպքում, կլուծի. «Առավել ևս, այն կդառնա շատ լավ հիմք մինչդատական վերահսկողություն իրականացնող ինստիտուտի կայացման համար, որովհետև դատարանները չեն սահմանափակվում միայն խուզարկության, կալանավորման միջնորդություններ քննելով: Կա շատ ավելի կարևոր հանգամանք՝ երբ վիճարկվում են հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի որոշումները, այսինքն՝ դրանց պետք է վերապահվեն լուրջ գործառույթներ, որ որոշումներ կայացվեն»:
Խոսելով դատական ատյանների քանակի կրճատման մասին՝ Պարգև Օհանյանն ասաց, որ միանշանակ համամիտ է նաև դրա հետ. «Մենք դրա փորձն ունենք: Դա արդյունավետ կիրառվեց մեզ մոտ, և չգիտեմ ինչու՝ հետո, գուցե նաև ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով, նորից դարձավ եռաստիճան համակարգ:
Եռաստիճան համակարգը մեր պես փոքր պետության, ազգաբնակչության քիչ ծավալի պայմաններում, կարծում եմ, շռայլություն է, շքեղություն, և դրա անհրաժեշտությունը չկա: Ընդամենը երկու ատյան պետք է լինի. պարզապես պետք է կենտրոնանանք արդարադատության իրականացման, մեր դատավորների արդարամտության վրա և ոչ թե` ատյանների վրա: Կարող ենք հինգ ատյան դարձնել, բայց դրանից արդարադատությունը չի շահի»:
Պարգև Օհանյանն ընդգծեց նաև, որ գործող Սահմանադրության մեջ դատական իշխանության գլխում ներառված է նաև Դատախազությունը` որպես համակարգ, որը, ըստ նրա, միանշանակ իր «տեղում չէ». «Հայեցակարգում այդ մասին էլ կար, այսինքն՝ ուշադրության կենտրոնում է, որ օմբուդսմենի ինստիտուտը, Դատախազության համակարգը պետք է ունենան իրենց առանձին կարգավորումը: Արդարադատության խորհրդի մասին ևս կան շատ դրական մտքեր, բայց, կարծում եմ, որ նրա անդամները պետք է լինեն ազատված դատավորներ, ովքեր կաշկանդված չլինեն գործող վերադաս նախագահներից. գործող դատավորը, բնականաբար, պետք է կաշկանդված լինի նախագահից, ով նույն ինքը՝ Արդարադատության խորհրդի նախագահն է:
Իսկ ազատված դատավորը, ով նաև դատավոր կամ դատախազ որդի կամ դուստր չունի՝ կաշկանդված չի լինի, ավելի անկախ կլինի: Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ դատավորներն էլ ընտրվեն խորհրդարանի կողմից, ինչպես Հանրապետության նախագահի դեպքում է առաջարկվում: Եվ երևի կզարմանաք, բայց միևնույն ժամանակ` ես համամիտ եմ ՀՀ նախագահի հետ, որ գործող կառավարման ձևը մեր պետության, մեր մենթալիտետի համար լավն է, վատը չէ, չասեմ` ամենալավը. դա երբեք ոչ ոք չգիտի, և պառլամենտական կարգի անցնելը լի է նաև վտանգներով՝ առավել ևս՝ նկատի ունենալով մեր պառլամենտի, այսպես ասած, ոչ այնքան փայլուն պատկերը և ընտրությունների ոչ փայլուն ընթացքը, որոնց մենք կյանքում ականատես ենք լինում»:
Մեզ հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը միանշանակ ողջունեց երդվյալների դատարանի գաղափարը. «Ի դեպ, մեր այսօրվա Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրության մեջ երդվյալների դատարան նախատեսված էր: Սահմանադրության մեջ այսպիսի ձևակերպում կար՝ օրենքով նախատեսված դեպքերում գործը քննվում է երդվյալների մասնակցությամբ: Սահմանադրությունը մնացածը թողել էր օրենսդրին: Օրենսդիրը չգնաց նրան, որ ստեղծի երդվյալների դատարան, հետո արդեն, երբ տեղի ունեցան սահմանադրական փոփոխությունները, այդ դրույթը դուրս եկավ Սահմանադրությունից: Այսինքն՝ փակվեց որևէ հնարավորություն երդվյալների դատարանների համար: Ես շատ ուրախ եմ՝ եթե փոփոխությունների արդյունքում այդ գաղափարը նորից տեղ գնի Սահմանադրության մեջ»:
Խոսելով դատական ատյանների քանակի կրճատման մասին՝ Հ. Ալումյանն ասաց, որ առաջարկվող նախագիծը Հայաստանի նախկին Գերագույն դատարանի մոդելն է. «Ես կարող եմ ասել, որ, ի տարբերություն շատ բաների՝ այդ մոդելը շատ կանխատեսելի է, որովհետև մենք այդ մոդելն արդեն ունեցել ենք: Թե ինչպես կկոչվեն առաջին և երկրորդ ատյանները՝ էական չի լինելու: Էական է լինելու այն, որ մենք այդ մոդելն արդեն ունեցել ենք. այդ մոդելի հետ կապված բոլոր դեմ կամ կողմ փաստարկները կարելի է շատ հեշտ նայել, երբ առաջարկվում էր փոխել Գերագույն դատարանի մոդելը, անցնել վերաքննիչ և վճռաբեկ դատարանների մոդելին:
Ետ նայենք ու փորձենք վերհիշել, թե Գերագույն դատարանի մոդելից հրաժարվելու ջատագովներն ինչով էին պատճառաբանում այդ մոդելի վատ լինելը, ինչով էին պատճառաբանում վերաքննիչ ու վճռաբեկ դատարան ստեղծելու անհրաժեշտությունը, և ինչ փոխվեց այսօր: Ճիշտ է՝ այսօր մեր վճռաբեկ դատարանն իրեն այնպես է դրսևորել, որ երևի մեկ օր շուտ բոլորը ձգտում են ձերբազատվել այդ ատյանից:
Դա հասկանալի է, բայց արդյո՞ք պրոբլեմն այսօրվա վճռաբեկ դատարանը չէ, արդյո՞ք պրոբլեմը մոդելն է, արդյո՞ք մոդելը չի արդարացրել իրեն, թե՞ զուտ մեր այսօրվա վճռաբեկ դատարանի այդ անտանելի վարքագիծն է պատճառը, որ մենք այսօր բոլորս ուզում ենք այս եռաստիճան համակարգից շուտ պրծնել, անցնել այլ համակարգի՝ միայն թե այդ ատյանն այլևս չլինի»: Մեր հարցին՝ արդյոք վճռաբեկ դատարանի, իր իսկ խոսքերով՝ «անտանելի» վարքագի՞ծն է պատճառը, որ երկաստիճան դատական համակարգի անցնելու գաղափար է առաջացել, փաստաբան Հ. Ալումյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ եթե միակ պատճառը չէ, ապա շատ մեծ չափով դա ազդել է»:
Անդրադառնալով առաջին ատյանի դատարանում ինքնուրույն դատական օղակի ստեղծմանը, որոնք հատուկ կամ մասնագիտացված գործառույթ կկատարեն, ինչպես, օրինակ, դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ, Հայկ Ալումյանն ասաց.
«Ինձ թվում է՝ սխալ չէ ունենալ մասնագիտացված դատավորներ, որոնք մասնագիտացված լինեն նույն ձեր նշած մինչդատական վարույթի ընթացքում վարույթն իրականացնող մարմինների գործողությունների դեմ բերված բողոքների քննության վրա: Դա սխալ չէ, վատ չէ:
Այսպես թե այնպես, մենք այսօր ունենք մեծ քանակով նման բողոքներ, և դա բավական մեծ ժամանակ է խլում ցանկացած դատավորի ընդհանուր ժամանակից: Երևի ճիշտ կլիներ՝ մի քանի դատավոր ամեն դատարանում մասնագիտանային հենց այդ ուղղությամբ: Օրինակ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդպիսի բողոքները շատ-շատ են, քանի որ նախաքննություն իրականացնող մարմինները շատ են կենտրոնացած Կենտրոն համայնքի տարածքում. այնտեղ կարող էին լինել երկու կամ նույնիսկ ավելի դատավորներ, իսկ մեկ այլ դատարանում կարող է ընդհանրապես նման դատավորի կարիք չլիներ:
Բայց այսօրվա մոդելն էլ չի բացառում, չի խոչընդոտում, որ հիմա գործող պայմաններում դատավորներից մեկը կամ երկուստը նեղ մասնագիտանային այդ հարցերի վրա, և իրենց մակագրվեին միայն այդ բողոքները: Այսինքն՝ դրա համար գուցե անհրաժեշտ չէին սահմանադրական փոփոխություններ»: