Ապրիլի 13-ին Ծաղկազարդն է
Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես մանուկների օրհնության օր:
Տոնի օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, կկատարվի մանուկների օրհնության կարգ:
Օրվա խորհրդին ընդառաջ` Ս. Էջմիածնում Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին կկատարվի Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ, որի ընթացքում ներկա մանուկներին իր հայրական օրհնությունն ու պատգամները կբաշխի Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այնուհետև 11:00-ին կմատուցվի Ս. Պատարագ:
Նույն օրը երեկոյան` 17:30-ին, կկատարվի նաև Դռնբացեքի արարողությունը:
Օգտակար տեղեկություններ
Սուրբ Հարության տոնից` Զատկից մեկ շաբաթ առաջ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Հիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղեմ նկարագրում են բոլոր չորս ավետարանիչները` մանրամասնելով, թե ինչպես ժողովուրդը փառաբանությամբ ու օրհնությամբ է դիմավորում Տիրոջ գալուստը: «Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա» (Մատթ.21:9): Ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «Օվսաննա, օրհնյալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով» (Հովհ. 12:13):
Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, ապա անդաստան, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին:
Ավետարանական այս դրվագը յուրաքանչյուրին հիշեցնում է Քրիստոսի գալստյան մասին` խրատելով ապրել այնպես, որ արժանի լինեն Տիրոջ առջև կանգնելու և բացականչելու. «Օվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»: