Նոր սկանդալ. Ստորագրահավաք` ընդդեմ Ռուդոլֆ Խառատյանի
armnewstv.am-ի հաղորդմամբ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի և գլխավոր բալետմեյստերի միջև նոր սկանդալ է հասունանում: Խումբն ուզում է հեռացնել բալետմեյստերին, որը 90-ականների մութ ու ցուրտ տարիներն անցկացրել է ապահով Արևմուտքում, որտեղից վերադարձել է մոդայիկ, բայց տեղացիների համար աբսուրդային գաղափարներով: Բալետմեյստերն էլ դեռ հակադրվում է, որովհետև վստահ է, որ բարեփոխումը միայն իր պես ուժեղ ընդդիմության շնորհիվ է կատարվում:
Խառատյանի դեմ ստորագրահավաքը սկսված է, թե ոչ` պատասխան այդպես էլ չստացանք: Միայն կարողացանք պարզել, որ ամբողջ խումբն է դեմ Ռուդոլֆ Խառատյանին ու դա բացատրում են նրանով, որ բալետմեյստերը իրեն մյուսներից վեր է դասում: Իրենք պարում են, իսկ հավելավճարն ու փառքը բաժին են հասնում նրան: Խառատյանի ոճն էլ ակադեմիական թատրոնի բալետի պարողների համար անհասկանալի է: Իրենք ուզում են դասական ներկայացումներում պարել, որովհետև կարծում են դա բալետի այբուբենն է, իսկ Խառատյանի նորարար, 20-25 րոպե տևողությամբ և, համենայն դեպս, իրենց համար անհասկանալի ծագմամբ ու պահանջներով ներկայացումները ոչ հանդիսատեսին են գրավում, ոչ էլ պարողներին: Իրենք աշխարհի լավագույն բալետային խմբերից են: Խորհրդային միության վաստակավոր բալետմեյստերը, որը 1960-ականներից սկսած գրեթե ամբողջ աշխարհում «Սպարտակ» բալետն է բեմադրել ու այդ պրոցեսը տևել է 6 ամիս, Հայաստանում ընդամենը 2.5 ամսում հասավ իր ուզած արդյունքին:
Պարողների խոսքով` Ռուդոլֆ Խառատյանը արդեն 1 ամսից ավելի է թատրոն չի մտնում, բայց դա իրենց չի խանգարում, փորձերն ու ներկայացումները ընթանում են բնականոն հունով: Ապրիլի 5-ին էլ պատրաստվում են «Սպարտակ» խաղալ` Խառատյանի հետ, թե առանց նրա: Իսկ բալետմեյստերը թատրոն կվերադառնա նոր տնօրենի նշանակվելուց ու նրա հետ բաետային խումբի կառավարումը հստակեցնելուց հետո: