Պուտինը ստորագրել է Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանին միացնելու մասին օրենքները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանին միացնելու մասին պայմանագրի վավերացման և Ռուսաստանի կազմում նոր սուբյեկտների կազմավորման մասին օրենքները:
Փաստաթղթերի ստորագրումը տեղի է ունեցել Կրեմլում, այդ արարողակարգին ներկա են գտնվել Պետդումայի ու Դաշնային խորհրդի պատգամավորները, այդ թվում նաև Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ու Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Օրենքը հավելում է մտցնում Ռուսաստանի Սահմանադրության 65-րդ հոդվածում, որում խոսք է գնում Ռուսաստանի շրջանների մասին: Դրանց քանակը ներկայիս 83-ից հասցվում է 85-ի:
Նշված է, որ Ղրիմի ու Սևաստոպոլի համար անցումային ժամանակաշրջան է սահմանվում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը՝ Ռուսաստանի տնտեսական, ֆինանսական, վարկային ու իրավական համակարգերին, ինչպես նաև պետմարմինների համակարգին դրանց ինտեգրման համար:
Ղրիմում պետական լեզուներ են հայտարարվում ռուսերենը, ուկրաիներենը և Ղրիմի թաթարների լեզուն: Ուկրաինայի հետ Ղրիմի սահմանը դառնում է Ռուսաստանի պետական սահման: Ուկրաինական մամուլը գրում է, որ Պուտինը վերջնականապես բռնակցեց Ղրիմը: