Բաժիններ՝

Նոր աղանդներ, որոնք մարդկանցից ոսկեղեն և գումար են շորթում (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Միացյալ երիտասարդական» լիգայի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանը և Դանիել Պետրոսյանը խոսեցին Հայաստանում նոր ի հայտ եկող աղանդների մասին: ««Միացյալ լիգան» շարունակում և շարունակելու է քայքայիչ աղանդների դեմ պայքարը, որովհետև ուսումնասիրում և տեսնում ենք՝ Երևանում և մարզերում օրեցօր բացվում են նոր աղանդներ »,- ասաց Դանիել Պետրոսյանը:

Նա ասաց, որ վերջերս իրենց դիմել է մի աղջիկ, ով ապրում է Էրեբունի համայնքում և տեղեկացրել է այնտեղ արդեն երկար տարիներ գործող «Պենտեկոստե» աղանդի մասին, որի նախագահն է Նինել Մովսիսյանը. «Նշենք նաև, որ վերջին շրջանում նոր բացվող աղանդների հովիվները կանայք են: Իսկ Աստվածաշնչի մեջ գրված է, որ կինը Աստվածաշունչ չպետք է քարոզի: Այդ աղջիկը տեղեկացրեց, որ «Պենտեկոստե» աղանդում շատ երեխաներ կան, որը նույնպես անթույլատրելի է: Դրա հավաքների ժամանակ «ընծա» կոչվող արկղում աղանդի անդամները գցում են իրենց հանգանակությունը` ոսկու տեսքով»:

Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ այդ աղանդում գործում է 2 արկղ, որոնցից մեկը կոչվում է «ընծա», իսկ մյուսը` «տասնորդ». «Առաջինի մեջ մարդիկ իրենց ոսկեղենն են գցում, իսկ երկրորդի մեջ` տասնորդականներ: Բացի դրանից, այդ աղջկա ասելով` իր բարեկամներից մեկը, որն անչափահաս է, փորձել է այլևս չգնալ այդ հավաքներին, նրան գցել են ինչ-որ սրբապատկերներով սենյակ, 3 օր առանց հացի են թողել` ասելով, որ դևերը միջից դուրս գան: Ու այդ երեխան հոգեկան շեղումներ է ձեռք բերել»:

Ս. Հովհաննիսյանը նշեց, որ «Պենտեկոստե» աղանդը համագործակցում է մեկ այլ աղանդի հետ, որի անունն է «հույսի տուն», որը գործում է Շենգավիթ համայնքում. «Նրանց հիմնական նպատակը հետևյալն է` նրանք հավաքում են անչափահաս երեխաների ճամբարների անվան տակ և  քարոզներ են անում»:

Կարդացեք նաև

Դանիել Պետրոսյանի խոսքով` նորահայտ աղանդները պարարտ հող են գտնում հենց Էրեբունի համայնքում. «Երևանում ամենաշատ աղանդները հիմա գործում են Էրեբունի համայնքում»: Իսկ Սևակ Հովհաննիսյանի կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ սոցիալ-տնտեսական պայմաններն Էրեբունիում ավելի սուղ են, քան Երևանի այլ թաղամասերում, ինչպես նաև՝ այնտեղ են բնակեցված շրջաններից եկած ուսանողները:

Բանախոսները խոսեցին նաև նոր աղանդի մասին, որի անունն առայժմ չցանկացան հրապարակել: Խոսքը նույնասեռականների աղանդի մասին է. «Քրիստոնեության մեջ բոլորս գիտենք, որ Աստվածաշունչն արգելում է նույնասեռականությունը, իսկ այդ եկեղեցին, և իրենց ինտերնետային կայքը, որտեղ կա Սևակ Կիրակոսյան անվամբ մարդու գցած տեքստեր, գրքեր, ասվում է, որ  Աստվածաշնչի մեջ գրված այն բառերն ու կետերը, որտեղ ասվում է, որ նույնասեռականությունը սխալ քարոզ է, սխալ են»,- նշեց Դանիել Պետրոսյանը: «Այս աղանդի հետևորդներից շատերը Հիսուսին համարում են համասեռամոլ»,- ավելացրեց Սևակ Հովհաննիսյանը:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս