ՌԴ Պետդուման հայտարարություն է ընդունել Ղրիմի մասին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման ընդունել է «Ղրիմի իրավիճակի մասին» հայտարարության նախագիծը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է արտահայտվել 441 պատգամավոր, 1 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել:
Նախօրեին հայտարարության նախագիծը Պետդումայի օրակարգում ընդգրկել էր խորհրդարանական բոլոր չորս խմբակցությունների և Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի անունից: Հայտարարության տեքստում ՌԴ Պետդուման աջակցություն է հայտնում Ղրիմի ժողովրդին և Ռուսաստանի հետ վերամիավորվելու նրա ձգտմանը՝ մարտի 16-ի հանրաքվեի արդյունքները:
Պատգամավորները վստահեցրել են, որ անցումային ժամանակաշրջանում նպաստելու են Ղրիմի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու նրա բնակչության բարեկեցությանը՝ պահպանելով նրա օրինական իրավունքներն ու ազատությունները: