Բաժիններ՝

Կադրերի արտահոսք և «ուղեղների որս»՝ ՀՀ բանկային համակարգում. Banks.am

Հայաստանում  մարդկային ռեսուրսների եւ դրանց կառավարման յուրահատկությունների մասին Banks.am-ը զրուցել է HR կառավարման ոլորտում մասնագիտացած «Կասկադ Քնսալթընթս» (Cascade Consultants) ընկերության գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանի հետ: Ներկայացնում ենք հատվածներ՝ այդ հարցզրույցից։

– Վերջին շրջանում հաճախակի են դարձել գործատուների դժգոհությունները՝ կապված անհրաժեշտ մասնագետներ ներգրավելու ապարդյուն փորձերի հետ: Ինչո՞վ կբացատրեք սա՝ գործատուները կտրուկ բարձրացրել են ներկայացվող պահանջների նշաձողը, թե՞ խնդիրը թեկնածուների (դիմորդների) մեջ է:

– Այս խնդիրն իրոք առկա է եւ, ինչպես յուրաքանչյուր խնդիր, ունի երկու «մեղավոր» կողմ: Գործատուն այնքանով է «մեղավոր», որ չի աշխատում իր կազմակերպության «լավ գործատու» լինելու վարկանիշի վրա`ավելի շատ կենտրոնանալով ապրանքը, բրենդը կամ ծառայությունները գովազդելու վրա: Մյուս կողմից էլ կադրերը ժամանակից շուտ են սահմանափակվում եղած գիտելիքներով `իրենց առջեւ չդնելով հետագա զարգացման խնդիր:

Նշված խնդիրն ունի եւս մեկ կողմ, այն է`բիզնեսի եւ կրթության միջեւ կապի բացակայությունը: Այս ամենին նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի աշխատաշուկան պահանջարկի եւ առաջարկի առումով հավասարակշռված չէ. օրինակ, տնտեսագետների առաջարկը գերազանցում է առկա պահանջարկը, իսկ լավ տեխնիկական կրթություն ստացած մասնագետների պարագայում բացակայում է առաջարկը:

– Մարդկային ռեսուրսների ընտրության գործընթացում առավել արդյունավետ եւ տարածում գտած մեթոդներից որո՞նք են կիրառական մեզանում: 

– Անձնակազմի ընտրության մեթոդները տարբեր են, եւ դրա ընտրությունը պայմանավորված է նրանով, թե ինչ ենք ցանկանում գնահատել: Ընդհանրապես, կա երկու մոտեցում՝ գնահատել հայցորդի անցյալը եւ/կամ ապագան: Առաջին դեպքում մենք հարցեր ենք տալիս անձի անցյալից, փորձում հասկանալ տարբեր իրավիճակներում ինչպես է իրեն դրսեւորել, վարքագծի ինչպիսի կարծրատիպեր ունի: Մյուս դեպքում մենք պրոյեկտիվ կամ իրավիճակային հարցերի միջոցով փորձում ենք գնահատել, թե ինչպիսին նա կլինի որպես կազմակերպության աշխատակից:

Ապագա վարքագծի գնահատման առավել արդյունավետ մեթոդներից են բիզնես-քեյսերը եւ խորքային հարցազրույցները, որոնք վերջին տարիների ընթացքում սկսել են ակտիվորեն կիրառվել հայկական ընկերություններում:

– Ձեր աշխատանքային փորձից ելնելով՝ ո՞ր մասնագետներն են այսօր առավել պահանջված բանկերում, եւ որքանո՞վ է արդյունավետ բանկերի HR-մենեջերների աշխատանքը:

– Մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից Հայաստանում ամենազարգացած եւ կարգավորված ոլորտը բանկայինն է, որտեղ աշխատում են արհեստավարժ մասնագետներ: Միակ լուրջ խնդիրը այս ոլորտում կադրերի ցիկլային բնույթ կրող արտահոսքն է եւ «ուղեղների որսը» (headhunting): Չնայած կիրառվող մոտիվացիոն լավ գործիքների` աշխատողները շարունակում են մի բանկից մյուսը տեղափոխվել, հաճախ անգամ նույն գումարի դիմաց:

Կարծում եմ, կան անփոխարինելի մարդիկ, եւ այս «շրջագայությունը» ինչ-որ կետում պետք է կանգնի, որպեսզի բանկերում ստեղծվի այն կմախքը, որի շուրջ կհամախմբվի հիմնական անձնակազմն իր յուրահատկություններով եւ ինքնատիպությամբ:

Ինչ վերաբերում է մասնագետների պահանջարկին, այս առումով վիճակագրություն չունենք, սակայն մեր պրակտիկայի ընթացքում համոզվել ենք, որ հավասարապես դժվար է գտնել յուրաքանչյուր մասնագետի՝ լինի դա հաճախորդների սպասարկող, թե մասնաճյուղի կառավարիչ:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս