Չայրել կամուրջները. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

Երեկ Վրաստանի իշխանությունները արգելել են Սերգեյ Բեզրուկովի թատրոնի ներկայացումը Թբիլիսիում՝ այն պատճառով, որ տվյալ դերասանը կողմ է արտահայտվել Ուկրաինայի և մասնավորապես Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը։

Վրաստանի մշակույթի պալատը (դա ոլորտը կարգավորող պետական մարմին է) հայտարարել է, որ այդպիսով պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։Նախորդ օրը մի շարք հայտնի և սիրված արվեստագետներ՝ Օլեգ Գազմանովը, Ֆյոդր Բոնդարչուկը, Միխայիլ Բոյարսկին, Օլեգ Տաբակովը, Նիկոլայ Ցիսկարիձեն և այլք, կոլեկտիվ նամակ են ստորագրել, որով իրենց աջակցությունն են հայտնում Պուտինին՝ վերջինիս ուկրաինական քաղաքականության կապակցությամբ։ Հայտարարությունը ստորագրել է նաև Բեզրուկովը։ Թե որքանով են 21-րդ դարում տեղին իշխանությանը տրվող հավատարմության երդումները և կուսակցության-կառավարության քաղաքականությունը «միաձայն ողջունող» կամ թշնամիների դավերը «ցասումով դատապարտող» նամակները՝ թողնենք մի կողմ։ Պետք չէ հերոսական այլախոհություն պահանջել բոլոր արվգեստագետներից՝ նրանք էլ իրենց շահերն ունեն։

Սակայն անդրադառնանք մեր հարևան երկրի իշխանությունների կեցվածքին, որն, իմ կարծիքով, նույնպես սխալ է։ Երկար չքննարկենք՝ արդյոք Ղրիմի սպասվելիք հանրաքվեն ազգային ինքնորոշման իրավունք իրագործո՞ւմ է, թե՞ Ռուսաստանի կողմից այդ թերակղզու անեքսիա։ Հավանաբար, երկուսն էլ կա, բայց թող ներեն ինձ Ղարաբաղի հետ զուգահեռներ տեսնողները, ավելի շուտ նման է երկրորդի։

Սակայն դա տվյալ համատեքստում ամենաէականը չէ։ Ավելի կարևոր է պահպանել այն կամուրջները, որոնք ստեղծվել էին մեր ժողովուրդների մեջ ռուսական և խորհրդային կայսրությունների ժամանակ։ Իսկ այդ կապերը, մասնավորապես, ռուսների և վրացիների միջև նախևառաջ մշակութային են։ Դրա ապացույցները բազմաթիվ են։ Այս պահին հիշեցի, որ ռուս հանճարեղ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու ամենահայտնի գործերից մեկը՝ «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանքը առաջին անգամ կատարվել է Թբիլիսիում, որտեղ, ի դեպ, կոմպոզիտորի կրտսեր եղբայրը՝ Անատոլին, պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում։
Դարեր շարունակ ժողովուրդներն ապրել են ոչ միայն կողք-կողքի, այլև, կարելի է ասել՝ «իրար սգջ«՝ անկախ ռեժիմներից և քաղաքական հանգամանքներից։

Մանրամասները՝ «Առավոտի» խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս