Արա Պապյան. «Ռոուհանիի և Ջոն Քերիի այցերը վճռորոշ կլինեն Հայաստանի համար»
Այսօր «Մեդիա կենտրոնում» ուկրաինական ճգնաժամի թեմայով հրավիրված քննարկմանը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը կարծիք հայտնեց, թե Ղրիմում Ռուսաստանի Դաշնության գործողությունների և Արևմուտք-Ռուսաստան դիմակայության հետևանքով Ռուսաստանը կարող է հայտնվել խորը մեկուսացման մեջ, դրա պատճառով Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, ևս կհայտնվի նույնպիսի մեկուսացման մեջ` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իսկ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն, իր հերթին, նշեց, թե համաշխարհային գլոբալացված տնտեսությունում խիստ դժվար է մեկուսացնել «այնպիսի մի հսկայի, ինչպիսին Ռուսաստանն է»: Նա հիշեցրեց Իրանի օրինակը, երբ Արևմուտքը` Եվրոպան և Միացյալ Նահանգները, Իսլամական հանրապետության նկատմամբ լուրջ պատժամիջոցներ էին կիրառում, սակայն, վերջիվերջո, հաղթեց սթափ մոտեցումը, և Իրանը դուրս եկավ մեկուսացումից:
Գագիկ Հարությունյանի խոսքերով` փորձագետները կանխատեսում են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների դեպքում դրանք կարող են վնասել նաև սանկցիաներ իրականացնող երկրներին, իսկ Ռուսաստանը որոշ չափով կարողացել է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը և խորացրել է Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ուստի կկարողանա խուսափել մեկուսացումից: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցումին, ապա Գագիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, թե այն մեզ ձեռնտու միություն է և առաջին հերթին ուղղված է Հայաստանի անվտանգությանը. «Դժվար է տնտեսականը տարանջատել ռազմականից»:
Արա Պապյանը չհամաձայնեց Գագիկ Հարությունյանի հետ` նշելով, թե ՌԴ նախկին վարչապետ Կասյանովի հաշվարկներով` Ղրիմի խնդրի հետևանքով Ռուսաստանն արդեն կորցրել է 82 մլրդ դոլար, ինչը Ռուսաստանի համար հսկայական գումար է:
«Մեկուսացումը սկսված է, Ռուսաստանն արդեն իսկ դուրս է դրված ռազմական համագործակցության շատ ոլորտներից: «Մեծ յոթնյակն» արդեն չեղյալ է հայտարարել Սոչիի գագաթաժողովը, չկա մի երկիր, որը պաշտոնական հայտարարություն արած լինի` ի պաշտպանություն Ռուսաստանի: Ինչ վերաբերում Իրանին, նա մեկուսացման պատճառով ահավոր և ահռելի վնասներ կրեց, և Իրանն, ի վերջո, եկավ այն համոզման, որ պետք է համագործակցի: Իրանի բախտը բերեց մի` Ռուսաստան-Արևմուտք հակադրման հարցում, որովհետև հիմա Իրանն այն գործիքն է, որի միջոցով Արևմուտքը համաշխարհային շուկայում գցելու է նավթի և գազի գինը, սա քայլ է, որը հստակորեն ուղղված է Ռուսաստանի դեմ: Հիշենք, որ ռուսական արտահանման 93 տոկոսը նավթն ու գազն է… Մյուս պարագան այն է, որ եթե Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը շարունակվի, ապա Արևմուտքը պիտի փորձի Ռուսաստանի դաշնակիցներին ցույց տալ, որ Ռուսաստանի հետ լինելը լավ չի իրենց համար: Եվ այստեղ էլ, բնականաբար, մեր ամենաթույլ տեղը Ղարաբաղն է: Առանձին անդրադառնամ Մաքսային միության (ՄՄ) հարցին: ՄՄ-ի հռչակագրի ստորագրումից հետո մենք մի քանի տարբեր հայտարարություններ ունեցանք` կապված Ղարաբաղի հետ: Կարծում եմ` Հայաստանի ճակատագիրը կորոշվի (Իրանի նախագահ) Ռոուհանի այցով Հայաստան: Արդյոք նա կկարողանա՞ մեր իշխանությունների հետ գալ համաձայնության` Իրան-Հայաստան-Վրաստան –Ուկրաինա- Եվրոպա գազամուղի կառուցման հարցով, որովհետև այդ շթղայի մեջ միակ բացակայող օղակը Հայաստանն է: Եվ վճռորոշ կլինի նաև տարեվերջին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այցը, այս երկու այցերը վճռորոշ կլինեն Հայաստանի համար»,- ասաց Արա Պապյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ հետաքրքրություն է Հայաստանը ներկայացնում Իրանի և Արևմուտքի համար, Ա. Պապյանը պատասխանեց. «Մենք ունենք մի կարևոր դերակատարություն. այսօր Հայաստանի կարևորությունը Իրանից դեպի Եվրոպա գազի և նավթի արտահանման տարանցիկ երկիր դառնալն է, այսինքն` մենք դեռևս պահպանում ենք այդ կարևորությունը: Եթե վերջնականապես պարզվեց, որ դա անհնար է Հայաստանի տարածքով իրականացնել, ապա Հայաստանը կդադարի որևէ կարևորություն ունենալ և´ Արևմուտքի, և´, լայն առումով, նաև Իրանի համար: Տեղական առևտուրը կմնա, իսկ դա կբերի նրան, որ մենք ավելի խորը մեկուսացման մեջ կհայտնվենք»: