Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի հիմնախնդիրների տարբերությունները

Ուկրաինայում լարվածությունը դեռ երկար ժամանակ կպահպանվի, իսկ Ղրիմում մարտի 16-ին նախատեսված հանրաքվեին դժվար թե որևէ բան խոչընդոտի: «Մեդիա կենտրոնում» Ուկրաինայի զարգացումների թեմայով անցկացված քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:  Վերջինս միաժամանակ չբացառեց, որ հետագայում գուցեև Ռուսաստանը և Արևմուտքը կարողանան համաձայնության եզրեր գտնել Ուկրաինայի հարցի շուրջ:

Իսկ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով` Ղրիմի հանրաքվեն լուրջ հիմնաքար  է դառնալու Ռուսաստանի ձեռքին` Արևմուտքի հետ հետագա բանակցությունների ժամանակ: «Հիմա կողմերը պատրաստվում են հետագա բանակցություններին, այսինքն` քարեր հավաքելու ժամանակաշրջանն է: Եվ հանրաքվեն անպայման տեղի կունենա, որովհետև սա ռուսական բանակցային դիրքորոշման համար հետագայում պետք է լինի հիմնաքարը:  Դա չի ճանաչվի որևէ մեկի կողմից` Ռուսաստանից բացի: Կլինի Հայաստանի վրա ճնշում՝ այն (Ղրիմը,-Ա. Ս.) ճանաչելու հորդորով, բայց թե ի՞նչ դիրքորոշում կունենա մեր ղեկավարությունը` այսօր չեմ կարող ասել»,- նշեց Արա Պապյանը:

Այս համատեքստում վերլուծաբաններն անդրադարձան նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ Ղրիմի հարցի որոշ համեմատություններին` տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման մասին միջազգային իրավունքի տեսանկյունից:

Մասնավորապես, Գ. Հարությունյանն ասաց, որ Ղազախստանի նախագահի արտահայտած դիրքորոշումը` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին, միանգամայն բնական է: Ի պատասխան հարցին, թե արդյոք Ղրիմի ինքնավարության անջատումն Ուկրաինայից կարո՞ղ է օգնել ղարաբաղյան հարցի լուծմանը, նա հիշեցրեց, որ Հարավային Օսիան, Աբխազիան ճանաչվել են Ռուսաստանի կողմից, բայց չեն ճանաչվել Հայաստանի կողմից, ու թեև բոլոր հիմնախնդիրները, ինչպիսիք են՝ Կոսովոն, Մերձդնեստրի հարցը, Աբխազիան, Հարավային Օսիան կամ Լեռնային Ղարաբաղը, ունեն ընդհանրություններ, սակայն Ղարաբաղի հարցն էապես տարբերվում է Ղրիմի խնդրից:

«Այլ են աշխարհաքաղաքական դերակատարները, խնդիրները: Հիշում եմ այն ոգևորությունը, որ կար  հայկական վերլուծական, մեդիա դաշտում` Կոսովոյի անկախության հռչակումից հետո, և տեսանք որ դա բնավ որևէ ազդեցություն չթողեց Ղարաբաղի վրա»,- ասաց Գ. Հարությունյանը:

Արա Պապյանն էլ, իր հերթին, նշեց. «Ես ուղղակի ազդեցություն Ղարաբաղի հարցի վրա չեմ տեսնում, բայց այն կարող է ունենալ անուղղակի ազդեցություն: Նախ բազմիցս հնչեց տարածքային ամբողջականության մասին դրույթը, ինչը պատրանք է ստեղծում, թե դա կարող է որոշակի կապ ունենալ Ղարաբաղի հարցի հետ: Պիտի նշեմ, որ ինքնորոշման և տարածքային ամբողջականության հակասություն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի պարագայում չկա, որովհետև տարածքային ամբողջականություն նշանակում է` երկրի ճանաչված տարածքի ամբողջականության ոտնահարում` օտարերկյա զինված ուժերի կիրառմամբ կամ սպառնալիքով: Որքանո՞վ է Ղարաբաղը օրինական եղել Ադրբեջանի վարչական ենթակայության ներքո: Համեմատենք Ղրիմի հետ: Հիշենք` Ղրիմը 1954 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, ինչպես նաև Ռուսաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության և Ուկրաինայի խորհրդային սոցիալիստական հանրապետության Գերագույն խորհուրդների որոշումներով` մի վարչական ենթակայությունից փոխանցվել է մեկ այլ վարչական ենթակայության: Դա եղել է օրինական, ներքին վարչական վերաբաշխման խնդիր է: Լեռնային Ղարաբաղի պարագայում այդպես չի եղել. 1921 թ. զուտ կուսակցական որոշումով տարածքը Ռուսաստանի վարչական մաս չկազմող երկրից տրվել է մեկ այլ երկրի կամ վարչական միավորի: Հետևաբար, այստեղ ակնհայտ է, որ զուգահեռը չի կարող լինել: Բայց երբ ասացի անուղղակի ազդեցություն, նկատի ունեի, որ այս դիմակայության հետևանքով Ռուսաստանը կարող է հայտնվել խորը մեկուսացման մեջ, իսկ Հայաստանը, որպես Ռուսաստանի դաշնակից, միասին կհայտնվի նույնպիսի մեկուսացման մեջ` դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Հիշեցնենք, որ Կիևում իշխանափոխությունից հետո` փետրվարի 27-ին, անհայտ անձինք, որոնց ՌԴ նախագահ Վ. Պուտինը հետագայում անվանելու էր «ինքնապաշտպանական ուժեր»,  գրավեցին Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն ռադայի և կառավարության շենքերը, որոնց վրա բարձրացվեց Ռուսաստանի դրոշը: Ավելի ուշ Գերագույն ռադան, որն կազմավորեց նոր կառավարություն, որոշում ընդունեց Ղրիմի ինքնավար մարզը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ընդգրկելու վերաբերյալ, հարցի կապակցությամբ մարտի 16-ին նշանակվեց հանրաքվե: Մեծամասամբ էթնիկ ռուսներով բնակեցված Ղրիմի հանրաքվեին դրվելու է ինքնավարության հետագա կարվավիճակի հարցը` հետևյալ հարցադրմամբ. «Համաձա՞յն եք Ղրիմի վերամիովորմանը Ռուսաստանի հետ` Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով, թե՞ դուք կողմ եք 1992 թվականի Ղրիմի հանրապետության սահմանադրությանը և Ղրիմի` Ուկրաինայի մաս համարվելու կարգավիճակին»:

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Տեսանյութեր

Լրահոս