Ինչո՞ւ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը հրապարակվեց մարտի 1-ից առաջ՝ ըստ Վահագն Խաչատրյանի

«ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում ինձ համար ամենակարևորն այն է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձված կոռուպցիային, օրենքի գերակայությանը, որոնք իմ մոտեցումներում կարևորագույն խնդիրներն են: Մարդկության փորձն է ցույց տալիս՝ որտեղ կոռուպցիա կա, որտեղ իսկապես օրենքի գերակայություն չկա, ոչ մի համակարգ չի կարող աշխատել: Նույնը վերաբերում է կապիտալիզմին, երբ կապիտալիզմի խնդիրների մասին են խոսում, մոռանում են, որ «կապիտալիզմ» հենց նշանակում է՝ օրենքի գերակայություն: Իսկ սա Հայաստանի Հանրապետության ամենամեծ թերությունն է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած՝ 2013-ին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին ավանդական տարեկան զեկույցը:

Ըստ նրա՝ կառավարության կոռուպցիան, թափանցիկության պակասը, կառավարությունը փոխելու քաղաքացիների սահմանափակ իրավունքը շատ կարևոր հանգամանքներ են, որ մենք պետք է հաշվի առնենք. «Սրա մասին խոսում ենք նաև մենք՝ ես, իմ գործընկերներն ու համախոհները: Մեր բոլոր հրապարակային ելույթներում մենք միշտ նշում ենք, որ, եթե գործող իշխանությունը չի կարողանում այս ամենը վերացնել, մնացած բոլոր ծրագրերը, բարեփոխումներն անելն ուղղակի անիմաստ է դառնում, և իրենք չեն էլ ցանկանում դա անել»:

Վ.Խաչատրյանի խոսքով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախորդ զեկույցներում էլ սրա մասին խոսվում էր, բայց այսպես կարճ, իրար հետ կապակցված խնդիրը չէր ներկայացվել, որը նաև կարող է հանդիսանալ ՀՀ ապագա իշխանության հիմնական անելիքը՝ որպես հրատապ հարց: Այսինքն, եթե հարցնեն՝ ի՞նչ պետք է անի ՀՀ-ն, Վ.Խաչատրյանի կարծիքով՝ միանգամից կարելի է Պետդեպի զեկույցի այս մասը հանել և ասել՝ կոռուպցիա, գործունեության թափանցիկություն և քաղաքացիների սահմանափակ իրավունք՝ կառավարություն փոխելու առումով, դատական կարգի անկախության խնդիր և օրենքի գերակայություն:

Վ.Խաչատրյանի համոզմամբ՝ այս զեկույցը, ցավոք, ազդեցություն չի ունենա ՀՀ ներկա իշխանության վրա. «Այն, ինչի մասին այստեղ ասված է, եթե չլինի, պարզապես այս համակարգը չի լինի, այսօրվա գործող իշխանությունը չի լինի: Գործող իշխանության գոյատևման հիմքը, գաղափարախոսությունը հենց կոռուպցիան և օրենքի ոտնահարումն է, դատական համակարգի բացակայությունը, մարդկանց ազատությունների սահմանափակումը, որը վերաբերում է նաև իշխանություններ ձևավորելուն, որովհետև այս զեկույցի մեջ գնահատականներ կային նաև 2013 թ. նախագահական ընտրություններին: Այնտեղ շատ խիստ գնահատական էր ընտրությունների անցկացման մասին, հատկապես՝ ընտրությունների անցկացման օրը, թե ինչպես իշխանության ներկայացուցիչները՝ օգտվելով իշխանության վարչական ռեսուրսից, խախտել են մարդկանց ընտրական իրավունքը, անհավասար պայմաններ են ստեղծել, լուրջ խախտումներ են եղել»:

«Մարտի 1-ից առաջ զեկույցի հրապարակման մեջ կապ տեսնելու՝ նման եզրահանգումներ անելուց հեռու եմ եղել միշտ, կոնսպիրոլոգիայի տեսությունից, բայց քիչ է լինում, որ նման երկիր ինչ-որ պաշտոնական փաստաթուղթ է հրապարակում, ու դա պատահական է լինում, որովհետև, ի վերջո, Մարտի 1-ը տեղի է ունեցել հենց այս պատճառով, Մարտի 1-ն անօրինական ընտրությունների հետևանք էր: Զեկույցում նշված՝ «քաղաքացիների սահմանափակ իրավունք ՝ փոխելու իրենց կառավարությունը», ամերիկյան մոտեցում է, որովհետև ամենակարևոր իրավունքը Մարդու ազատությունների հռչակագրի մեջ է դրված, որ, եթե քաղաքացիները չեն կարողանում օրենքի շրջանակներում իշխանություն փոխել, ուրեմն, դրանից հետո իրենք ազատ են իրենց գործողություններում: Այսինքն՝ ազատությունը, մարդու իրավունքները և օրենքը գերադասելի են մնացած բոլոր կատեգորիաներից: Այս առումով կարող եմ ասել, որ զեկույցի հրապարակման ժամկետը պատահական չէր»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս