Սիկորսկին սխալ է համարում Գերագույն ռադայի կողմից լեզվական օրենքի չեղյալ հայտարարումը
Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան սխալ է գործել՝ չեղյալ հայտարարելով լեզվական պետական քաղաքականության մասին օրենքը.
«Ես կարծում եմ, որ Ուկրաինայի խորհրդարանը մի քանի օր առաջ սխալ է գործել՝ չեղյալ հայտարարելով տարածաշրջանային լեզուների մասին օրենքը: Ուկրաինայի խորհրդարանը պետք է էթնիկ փոքրամասնություններին հստակ ազդանշաններ տա, որ ուրախ է, որ նրանք լինելու են Ուկրաինայի նոր իշխանությունների մասնիկը: Ուկրաինան ԵԽ-ի անդամ է և պետք է իրագործի էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության մասին նորմերը»:
Ուկրաինայի Գերագույն ռադան կիրակի ուժը կորցրած է ճանաչել 2012 թվականին ընդունված պետական լեզվական քաղաքականության մասին օրենքը: Ռեգիոնների կուսակցության նախաձեռնած այդ օրենքը նախատեսում էր պաշտոնապես երկրորդ լեզու մտցնել այն շրջաններում, որոնցում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների քանակը գերազանցում է 10 տոկոսը: