Բաժիններ՝

Օֆշորի գործը փորձում են քնեցնել

Օֆշորային սկանդալի գործով իրադարձությունները «կրիայի քայլերով» են զարգանում. իրավասու մարմինները, կարծես, փորձում են հետզհետե ավելի քիչ շոշափել վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները, ովքեր, ըստ դեռևս չհերքված փաստաթղթերի` առնչություն ունեն Կիպրոսում գրանցված օֆշորային 2 ընկերություններին («WLISPERA HOLDINGS LIMITED» և «A.B.S. GLOBAL LIMITED»), և գործի «գլխավոր հերոս» են դարձնում Աշոտ Սուքիասյանին, ով իբրև թե միայնակ է գրանցել ընկերություններն ու միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցել: Ինչևէ, ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

«168 Ժամի» հարցմանն ի պատասխան, թե գործի նյութերի ուսումնասիրությունը ո՞ր փուլում է, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից պատասխանեցին, որ դեռ անցած տարի հունիսին որոշում է կայացվել ձեռք բերված ապացույցների հիման վրա Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), ներկայումս Վրաստանից արտահանձնման աշխատանքներն ընթացքի մեջ են, և Ա. Սուքիասյանը բերվելու է Հայաստան՝ անկախ իր կամքից:

Ա.Սուքիասյանը, հիշեցնենք, ձերբակալվել է Վրաստանում` Թուրքիայից ժամանելիս, և փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել «արտահանձնման կալանքի»: Նա հայտարարել էր, թե չի ուզում արտահանձնվել Հայաստան, և հրաժարվել է փաստաբանների ծառայություններից:

Իրավաբան Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման դեպքերում միջազգային կոնվենցիայով թույլատրվում է չհանձնել քաղաքացուն, եթե իրական վտանգ կա, որ ընդունող պետությունում նա կենթարկվի անմարդկային վերաբերմունքի, կամ խոշտանգման, կամ նրա կյանքը վտանգի տակ է. «Բազմաթիվ նախադեպեր կան Եվրոպական դատարանում, ուղղակի վտանգը պետք է լինի իրական: Մենք ունեցել ենք գործ, որ դիմել ենք ՄԻԵԴ, որ մեր քաղաքացուն չհանձնեն Ռուսաստանին, բայց ՄԻԵԴ-ը հիմնավոր չհամարեց, ու հանձնեցին: Եղել է նաև գործ, որ ՀՀ-ն մերժել է ՌԴ-ի որոշումը` արտահանձնելու մասին, բայց շատ գործեր կան, որ, եթե իրական է վտանգը, հանձնումը տեղի չի ունենում, ու հանձնող պետությունը մերժում է, և էքստրադիցիա տեղի չի ունենում»:

Ըստ Ղազարյանի` Ա.Սուքիասյանը կարող է նման հարց բարձրացնել, որ, եթե Վրաստանի իշխանություններն իրեն հանձնեն, ապա դրանով կխախտեն Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածը, և մնում է` վրացական իշխանությունները որոշեն:

Իրավաբանի խոսքով` նման որոշումները տարբեր ժամկետում են կայացվում, օրինակ, Ռուսաստանում համակարգի անգործության հետևանքով եղել է դեպք` մինչև 1 տարի տևել է. «Կախված է նրանից, թե որքան շուտ պետությունը թղթերը կուղարկի, հանձնող պետությունում որքան շուտ որոշում կկայացնեն:

Երբեմն վիճելի հարցեր են լինում, բայց, եթե խնդիրներ չկան, կարելի է 1-2 ամսում ամբողջն անել»:

Ոստիկանությունից նաև հետաքրքրվել էինք, թե Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրությունների իսկության փորձաքննության արդյունքները ե՞րբ կլինեն, ինչին ի պատասխան` մեզ տեղեկացրին. «Կիպրոսի Հանրապետություն ուղարկված իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության մասնակի կատարման արդյունքում ստացված երկու փաստաթղթերի պատճեններում, ստորագրություն կատարած անձանց պարզելու նպատակով, 2013 թվականի նոյեմբերի 11-ին նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ փորձագետներին: 2013 թվականի նոյեմբերի 14-ին փորձաքննության կատարումը ժամանակավորապես դադարեցվել է` մինչև հետազոտելի փաստաթղթերի բնօրինակների տրամադրումը:

Հիշատակված փաստաթղթերի բնօրինակները ստանալու նպատակով 2013 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկվել է նոր իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել»:

Թե սովորաբար որքան է տևում նման փաստաթղթերի ստացումը, Ա.Ղազարյանի կարծիքով` կախված է իշխանություններից: Նա նշեց, որ պետությունների միջև ընդունված պրակտիկա է՝ եթե մեկը մյուսից իրավական փոխօգնություն է խնդրում, դա կարող է տևել ամիսներ:

«Դեռ ողջամիտ ժամկետների մեջ ենք, բայց եթե բարդ չի խնդրանքը, խոչընդոտներ չկան, կարող են արագ անել: Օրինակ՝ եղել է դեպք` Ուկրաինայից 1.5 ամսվա մեջ են պատասխանել: Կիպրոսի դեպքում Դատախազությունը պետք է բանկից տեղեկություն պահանջի, մինչև բանկը պատասխանի, ժամանակ է պահանջվում, և դեռ ժամկետների մեջ է»,- ասաց իրավաբանը:

Ի դեպ, Կիպրոսը կարող է նաև մերժել, քանի որ Կիպրոսի ու ՀՀ-ի միջև չկա փոխօգնության մասին պայմանագիր: Ըստ Ա.Ղազարյանի` եթե կա պայմանագիր, ապա գործընթացն արագ է արվում, եթե ոչ՝ կամ անտեսում են, կամ մերժում, կամ դիվանագիտական խողովակներով, որպես բարի կամքի դրսևորում, ի վերջո համագործակցում են: «Գործի սառեցման մասին դեռ չենք կարող խոսել, անցել է ընդամենը մի քանի ամիս, ու դեռ նման եզրահանգում, որ սառեցնում են, չենք կարող անել: Սովորաբար նման գործերն ավելի երկար են տևում»,- ասաց Ա.Ղազարյանը:

«168 Ժամը» Ոստիկանությունից նաև հետաքրքրվել էր, թե ովքե՞ր են հարցաքննվել այս գործով, արդյոք Տ.Սարգսյանն ու Ն. Կճոյանը հրավիրվե՞լ են հարցաքննության կամ ցուցմունք տալու, նաև արդյոք գործնականում հնարավո՞ր է, որ ցանկացած անձ ցանկացած մեկի անունով օֆշորում ընկերություն գրանցի, «WLISPERA HOLDINGS LIMITED» և «A.B.S. GLOBAL LIMITED» ընկերությունների գրանցման համար Տ.Սարգսյանի ու Ն. Կճոյանի անձնագրի պատճենները հարկավո՞ր են եղել, ընկերությունների փաստաթղթերում կա՞ն արդյոք այդ պատճենները:

Մեր այս հարցերն, ըստ էության, անպատասխան են մնացել, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից միայն նշել են, որ «քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել` նախաքննության գաղտնիության պահանջից ելնելով: Հարցադրումներին հնարավոր կլինի պատասխանել քրեական գործի շրջանակներում Կիպրոսի Հանրապետություն ուղարկված իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդությունների կատարումից հետո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս