Ես հայերին շատ եմ սիրում, սակայն դա տեղահանություն էր. թուրք գրող

Թուրք գրող Այշե Քուլինը CNN Türk հեռուստաալիքի եթերում հեռարձակվող Էնվեր Այսևերի «Հակադիր հարցեր» հաղորդման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին.

«Ես հայերին շատ եմ սիրում, սակայն դա տեղահանություն էր: Պատերազմում տեղի ունեցած դեպքերը դժվար է անվանել ցեղասպանություն: Այնպես չէ, որ նրանք հրեաների նման մի կողմ քաշված էին, և մենք սկսեցինք կոտորել նրանց:

Որպես թուրք՝ պատասխանատվություն և ցավ եմ ապրում Հրանտի (Դինքի) մարդասպանների չբացահայտման պատճառով: Ես կիսում եմ վիշտը: Դա Թուրքիայի, որում բնակվում եմ ես, ամոթալի իրադարձություններից մեկն է:

Չեմ հավատում, թե (1915 թվականի դեպքերը) ցեղասպանություն էին, ուղղակի վատ միջադեպ է: Հայերը կարող են մտածել այլ կերպ: Այո՛, մենք օսմանցիների հետնորդն ենք, սակայն ես հանրապետական Թուրքիայի զավակն եմ՝ թեև մեծացել եմ օսմանցի պապիս գրկում: Մեկ վայրկյանում մկրատով չես կտրի անցյալի հետ կապը»:

Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլի 24-ին թուրքական Milliyet թերթում հրապարակվել էր հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի «1915-ը ոչ թե անցյալի, այլ ապագայի հարց է» խորագրով հոդվածը, որում նշված էր.

«Այսօր, երբ բարձրաձայնում են 1915 թվականին հայերի վերապրած ցավի մասին, ապա անմիջապես ասում են, թե թուրքերն էլ են շատ տուժել այդ ժամանակ: Սակայն արդյունքում թուրքերը շարունակեցին ապրել իրենց երկրում՝ որպես ազգային մեծամասնություն: Մինչդեռ այս հողի վրա հազարավոր տարիներ ապրած հայերը վտարվեցին իրենց երկրից ու բնաջնջվեցին:

Հիմա էլ ասում են, թե այն ժամանակ հայերը համագործակցում էին ռուսների հետ և ապստամբել էին: Այո՛, մի շարք հայեր այդպիսի քաղաքականություն էին վարում: Սակայն հայ ժողովրդի մեծ մասը ձեր աչքի առջև էր և գյուղերում ու քաղաքներում զբաղված էր հողագործությամբ, առևտրով, արհեստներով: Այսինքն՝ հեշտությամբ կարող էիք հասկանալ, որ ողջ ազգը չէր կարող համագործակցել ռուսների հետ:

Հանցագործություն գործած առանձին մարդկանց դեմ պատժամիջոցներ կիրառելը մեկ բան է, իսկ իր հողից մի ողջ ժողովուրդ տեղահանելն ու բնաջնջելը՝ լրիվ մեկ այլ բան: Դրանում պատասխանատու են տվյալ ժամանակվա օսմանյան կառավարությունը, «Իթթիհատ վե Թերաքքի»-ի («Միություն ու առաջադիմություն») առաջնորդները:

Սա է քննությունը, որը ցայժմ Թուրքիան չի հանձնել: Քննություն հանձնելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիայում հարգվեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը»:

Իսկ ահա Քոփթաշի այդ հոդվածից մոտ 10 օր առաջ էլ թուրքական Today’s Zaman թերթում հրապարակվել էր «Հայկական հարցի» վերաբերյալ Դողու Էրգիլի հոդվածը, որում ասվում էր.

«Ընդհանուր հայեցակարգն ասում է, որ 1915 թվականին կայսրության արևելյան նահանգներում ապրող հայերն աջակցել են ռուսական զորքերին՝ հույս ունենալով, որ նրանք կհանդիսանան երաշխիք հայկական պետության ստեղծման համար:

Իսկ թե ինչո՞ւ են հայերը վտարվել ողջ Անատոլիայից և հետագայում չեն վերադարձել, կամ թե ինչո՞ւ է 300.000 հայ երկիրը լքել 1919 թվականից հետո՝ որևէ պարզաբանում չի տրվում այս կապակցությամբ: 1927 թվականին Թուրքիայի առաջին մարդահամարը ցույց է տվել, որ երկրում մնացել է միայն 100.000 հայ»:

Տեսանյութեր

Լրահոս