Իրաքի ԱԳՆ-ի մոտ պայթյուններ են հնչել. կան զոհեր
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաղդադում գտնվող Իրաքի ԱԳՆ-ի շենքի մոտ և այսպես կոչված պահպանվող «կանաչ գոտու» մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 21 մարդ: Այս մասին հայտարարել է Իրաքի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, ըստ որի՝ մայրաքաղաքում պայթեցվել է պայթուցիկով լեցուն երեք ավտոմեքենա:
«Կանաչ գոտի» է անվանվում Բաղդադի կենտրոնում գտնվող շրջանը, ուր տեղակայված են կառավարական ու օտար օբյեկտներ: Գիշերային ժամերին տվյալ շրջանը ենթարկվել է ականանետային հրետակոծման, ինչի հետևանքով զոհվել է մեկ զինծառայող:
Իրաքի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվարին պայթյունների հետևանքով զոհվել է 795 խաղաղ բնակիչ, 122 զինծառայող և 96 ոստիկան: Բացի այդ, վիրավորվել է ևս 2000 մարդ: