Համագործակցություն` առանց սահմանների
ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները չեն համարում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը որևէ կերպ կարող է ազդել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իրենց համագործակցության վրա:
Երեկ Ազգային ժողովում ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան մեր այն հարցի, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ առաջիկա համագումարի ժամանակ կուսակցությունն իրեն ընդդիմություն հռչակի, ուշագրավ հայտարարություն էր արել` նշելով. «Ինչ որ պետք է, ԲՀԿ-ն ասել է իր գործունեության մասին, ուրիշ բան չեմ կարող ասել»:
Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, հղում է կատարել 2013թ. մայիսի 14-ին Աբովյան քաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ հնչեցրած իր հայտարարությանը` ԲՀԿ գործունեության մասին. «Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչն օգուտ է երկրին և ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման, զարգացման համար»:
Ոչ իշխանական քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության»` ներկայացուցիչներից, ում հետ ԲՀԿ-ն արդեն մի քանի հարցերի շուրջ միասնաբար պայքարում է, հետաքրքրվեցինք, թե Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությունը կարո՞ղ է ազդել ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության վրա:
Մեզ հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունն իրենց հարաբերությունների վրա ազդել չի կարող: «Մենք տեսնում ենք` ովքեր են կարողանում միմյանց հետ համագործակցել, և մենք դա ողջունում ենք` ով ուզում է լինի. մենք չենք նայում` ո՞ր ափից է…»,- նշեց նա:
Մեր դիտարկմանը, թե` շարունակո՞ւմ եք համագործակցել անգամ այն դեպքում, երբ այդ կուսակցության առաջնորդը նման հայտարարությամբ է հանդես գալիս, Ա. Ռուստամյանը զարմանքով պատասխանեց. «Իսկ ի՞նչ է` նոր բա՞ն է հայտարարել: Եթե նոր բան չի հայտարարել` ինչո՞ւ չպետք է շարունակենք համագործակցել…»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ շեշտեց, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հետ համագործակցելու խոչընդոտ չի տեսնում:
Ի պատասխան մեր այն հարցին, թե ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը կարո՞ղ է բացասաբար ազդել ոչ իշխանական ուժերի հետագա համագործակցության վրա, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ԲՀԿ-ի և խորհրդարանական ոչ իշխանական մյուս խմբակցությունների հետ համագործակցության հարցում որևէ խոչընդոտ չեմ տեսնում, ավելին` տեսնում եմ, որ համագործակցությունը գնալով ավելի ինտենսիվ է դառնում և ավելի արդյունավետ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հավաստիացրեց, որ այն կեցվածքը, որը ԲՀԿ-ն խորհրդարանում դրսևորում է` նպաստում է ոչ իշխանական ուժերի համատեղ գործունեության շարունակականությանը: Մեր հարցին, թե Գագիկ Ծառուկյանի պարբերական հայտարարություններից հետո, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, շարունակո՞ւմ եք կուսակցությանն այդ դաշտում դիտարկել, Ռ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Այս պահին պետք է արձանագրել, որ ոչ իշխանական չորս ուժերի համատեղ գործունեությունն արդյունավետ է և տեսանելի: Եվ հավաստիացնում եմ, որ չորս խմբակցություններն ունեն ցանկություն` շարունակել հետագա համատեղ աշխատանքը, ինչը հանրապետությունում իրավիճակ կարող է փոխել: Իսկ մնացածը թողնենք ժամանակին»:
Ի դեպ, երեկ Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց լրագրողների մյուս հարցերին` նշելով, որ ԲՀԿ-ն առաջիկայում համագումար է անցկացնելու և տալու է բոլոր հարցերի պատասխանները: «Մենք անելու ենք համագումար, և իրոք կան հարցեր, որի պատասխաններին սպասում են` և հանրությունը, և ժողովուրդը, և դուք, և իմ կուսակցական ընկերները։ Այնպես որ, համբերեք. բոլորդ էլ կլսեք, բոլորդ էլ կտպագրեք: Հետաքրքիր չի լինի. համագումար է լինելու, և կան հարցեր, որոնց, ժամանակն է` պարոն Ծառուկյանը պատասխանի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է համագումարի օրվան, որը մինչ օրս հայտնի չէ, Գ. Ծառուկյանն ասաց, թե մինչև շաբաթվա վերջ համագումարի օրը հայտնի կդառնա:
Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե կարող եք, անձամբ Ռոբերտ Քոչարյանից դա հարցրեք, և ինքը հստակ ձեզ կպատասխանի»: Իսկ այն հարցին, թե` կսատարե՞ք Քոչարյանին, եթե նա վերադառնա, Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Ինձ թվում է` բոլորը մեզ պետք է պաշտպանեն»:
Այդ թվում` նաև Ռ. Քոչարյա՞նը: Գագիկ Ծառուկյանն այս հարցն անպատասխան թողեց և միայն ծիծաղեց: Անդրադառնալով կուսակցության առաջնորդի հնարավոր փոփոխությանը, Ծառուկյանն ասաց. «Ոչ, դա ընդմիշտ է»: Դիտարկմանը, թե` Դուք հավերժ նախագա՞հ եք լինելու, Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց: