Չինական թռչնամսի ներկրումը Հայաստան արգելվել է
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում բռնկված թռչնի գրիպի վարակի պատճառով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արգելել էր ՉԺՀ Տիբեթի ինքնավար շրջանից թռչնամթերքի, ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը
Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով նախօրեին արգելվել է այս ապրանքատեսակների ներմուծումը ոչ միայն Տիբեթից, այլ Չինաստանից ընդհանրապես:
* * *
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի ապրիլի 16-ի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» N 176-Ա հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) հրամանի 1-ին կետը «կենդանի թռչնի» բառերից հետո լրացնել «(բոլոր տեսակի)» բառերով, իսկ «լրացակերերի» բառից հետո՝ «(բացառությամբ սինթեթիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի),» բառերով.
2) հրամանի 1-ին կետում «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տիբեթի ինքնավար շրջանից» բառերը փոխարինել՝ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից» բառերով:
2. Սույն հրամանի գործողությունները չեն տարածվում մինչև 2014 թվականի հունվարի 20-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված վերը նշված ապրանքների վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆ