Ըստ Հովհաննես Իգիթյանի` Պուտինը տեղյակ է Ադրբեջանի արյունոտ դիվերսիաների մասին
Հունվարի 27-ին տեղեկացրել էինք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ ասել էր, թե տեղյակ չէ ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում ադրբեջանական ուժերի իրականացրած վերջին հարձակման մասին: «Ազատության» հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀԱՊԿ անդամ Հայաստանի և ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների, մասնավորապես` ադրբեջանական ուժերի վերջին դիվերսիոն հարձակման մասին, ՀԱՊԿ մամուլի քարտուղարը պատասխանել էր, թե առաջին անգամ է տեղեկանում զինված ընդհարումների մասին և, հետևաբար, որևէ կարծիք հայտնել չի կարող:
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ հայտարարեց, թե համոզված է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ռուսաստանյան ողջ քաղաքական վերնախավը տեղյակ են Ադրբեջանի արյունոտ գործողությունների մասին:
«Ես համոզված եմ, որ Ռուսաստանը տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է Հայաստան-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմանին: Օրերս կարդացի, որ Պուտինը նույնիսկ տեղյակ է ուկրաինացի մի հոգևորականի` Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալ հայտարարությունից, որն արվել է Ուկրաինայի ինչ-որ մի գյուղում, և Պուտինը Եվրամիության հետ գագաթաժողովի ժամանակ նույնիսկ անդրադարձավ դրան: Եթե Պուտինը տեղյակ է գյուղական կրոնավորի հայտարարության մասին, ապա համոզված եմ, որ Պուտինը և Ռուսաստանի ողջ էլիտան տեղյակ են նաև Ադրբեջանի կողմից աղմկոտ և արյունոտ դիվերսիաների մասին, որոնք կատարվում են նաև ռուսական զենքով: Եվ զարմանալի է, որ թե´ Պուտինը, թե´ ՀԱՊԿ-ի չինովնիկները որևէ կերպով չեն արձագանքում»:
Այս համատեքստում մենք խնդրեցինք նաև գնահատական տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը` նույն միջադեպի վերաբերյալ: Արդյոք կարելի՞ է համարժեք համարել Մինսկի խմբի հայտարարությունը, թե՞, այնուամենայնիվ, այն արդար չէ:
«Ես համոզված եմ, որ արդար չէ, որովհետև պարզ երևում է, որ հակամարտությունը լարված վիճակում պահելն այսօր ձեռնտու է Ադրբեջանին: Եվ այն զենքը, որ ահռելի քանակով կուտակվել է Ադրբեջանի ձեռքում, նա ուզած-չուզած պետք է կիրառի»,- ասաց պարոն Իգիթյանը:
Նա նաև ավելացրեց, որ սրանում կա նաև Հայաստանի իշխանությունների մեղքը, քանի որ «տանուլ ենք տալիս քարոզչական պայքարում»:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Հ. Իգիթյանի խոսքերով` Ադրբեջանը մեծ աշխատանք է տանում քարոզչական դաշտում և խեղաթյուրում է իրականությունը, ինչը նաև ազդում է հարցի վերաբերյալ Մինսկի համանախագահների պատկերացման վրա, քանի որ նրանք լրատվությունը երկու կողմից են ստանում:
«Այստեղ պետք է ավելի հստակ ներկայացվի ճշմարտությունը` նկարահանելով, աղմուկ բարձրացնելով: Եվ նաև պետք է աշխատել դիվանագիտական դաշտում. Հայաստանի քաղաքական և դիվանագիտական ղեկավարները պետք է բողոքի նոտա հղեն: Միայն այդ դեպքում պարզ կերևա, որ այստեղ անհավասարություն կա, որ Ադրբեջանն է անընդհատ զինվում, զենք կիրառում և փորձում լարվածություն մտցնել հակամարտության մեջ»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 24-ին, Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո, տարածեցին հայտարարություն, որում կողմերին կոչ էին անում՝ «անվերապահորեն պահպանել զինադադարի ռեժիմը»: