Պատերազմի դեպքում ադրբեջանական բանակն ունակ է մի քանի օրում հասնել Երևան. Ադրբեջանի իշխող կուսակցություն

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը մեկնաբանել է շփման գծի վերջին իրադարձությունները.

«Ադրբեջանը բոլոր առումներով գերազանցում է Հայաստանին, այդ թվում նաև բանակաշինությամբ: Մեր բանական առաջատար դիրքեր է զբաղեցնում Հարավային Կովկասում: Պատերազմի սկսման դեպքում Ադրբեջանին բավական է մի քանի օր՝ Հայաստանին իր տեղը դնելու և անգամ Երևան հասնելու համար: Ադրբեջանը չի վախենում Հայաստանից»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել ռազմաշունչ դատարկաբանություններով: 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ Էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»:

Ընդ որում՝ հոխորտացող Էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը: Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստմանը տեր չեղավ և 2000 թվականի օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հիվանդանոցում, ուր բուժվում էր քաղցկեղից:

Նախորդ տարվա գարնանն էլ վերոնշյալ պորտալում հրապարակվել էր ադրբեջանցի անկախ հրապարակախոս, լրագրող և սցենարիստ Չինգիզ Սուլթանսոյի՝ «Եթե վաղը պատերազմ սկսվի» հոդվածը, որում նշված էր, որ Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը մի քանի օրվա ընթացքում կկորցնի ևս մի քանի շրջան:

Տեսանյութեր

Լրահոս