Ղարաբաղյան պատերազմի վերսկսվելուց օրեր անց մենք կկորցնենք ևս 6 շրջան. ադրբեջանցի փորձագետ
Haqqin.az կայքում հրապարակվել է ադրբեջանցի անկախ հրապարակախոս, լրագրող և սցենարիստ Չինգիզ Սուլթանսոյի՝ «Եթե վաղը պատերազմ սկսվի» հոդվածը, որում ասվում է. «Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս հողերի վերադարձման ու Ղարաբաղյան հիմնախնդիրն այլ ճանապարհով լուծելու մասին բազմաթիվ ռազմաշունչ հայտարարություններով: Սակայն ես վստահ եմ, որ ամեն ինչ ավարտվում է հենց այդ հայտարարություններով, ինչի մասին արդեն իսկ քանիցս գրել եմ այդ մասին:
Ամեն դեպքում մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը պատերազմ է սկսում: Ի՞նչ կլինի: Առաջինն այն է, որ թշնամին պատերազմին պատրաստ է գտնվել, առավել ևս, որ մեր երկրի ղեկավարությունը նրան վաղուց և բաց նախազգուշացրել է այդ մասին: Հակառակորդի մարտական, քաղաքական ու հոգեբանական նախապատրաստությունը կարող է մեզանից ավելի վատը չլինել՝ թեպետ իշխանությունների PR-ը և բարձրացրած աղմուկը շատ ավելի քիչ է:
Նրանց մոտ ավելի քիչ են գողանում, քիչ են ստում, քանի որ ավելի շատ են սիրում իրենց հայրենիքը, իսկ «դեդովշչինան», թեպետ և կա, շատ ավելի քիչ է մեզանից: Կոռուպցիայի մասին ես չեմ էլ ասում: Համեմատեք, թե որքան է նրանց մոտ գրանցվող փոխհրաձգության, սպանությունների և բանակային «ինքնասպանությունների» (սա չակերտի մեջ է վերցրել հեղինակը, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հաճախ զինծառայողներին սպանելը որակում են որպես ինքնասպանություն – 168.am) դեպքերը, և որքան են դրանք մեզ մոտ:
Եվ այսպես պատերազմը սկսվեց: Հետ մղելով չափազանցված գովազդված առաջին հարվածը՝ հակառակորդը լիովին կարող է անցնել հակահարձակման: Հակառակորդը կարող է պատերազմի առաջին իսկ օրերին գրավել ևս վեց շրջան: Իսկ դա բացառել չի կարելի, քանի որ մեր կոռումպացված ուժայիններն ուժեղ են միայն խոսքերով և հեռուստաէկրաններին: Ցայժմ որքա՞ն զորավարժություն է անցկացրել նրանց բանակը, և որքան՝ մեր բանակը:
Հիշեք, թե որքան շփոթված ու երկչոտ իրեն դրսևորեց Նավթային ակադեմիա ժամանած ոստիկանությունը, երբ այնտեղ հնչեցին կրակոցներ: Ոստիկանները չէին ցանկանում մուտք գործել շենք: Նրանցից մեկը վտանգին ընդառաջ չգնալը հեռախոսով պետին զեկուցելիս պատճառաբանեց հետևյալ կերպ. «Այնտեղ կրակում են»: Բնականաբար, կրակում են և ոչ խաղալիք ատրճանակներից: Կրակոցները լսելուց հետո բանակի մեկ քառորդն իսկույնևեթ կդասալքի:
Երկրորդ քառորդը, ստանալով զենք ու մարտական փամփուշտներ, կոչնչացնի երրորդ քառորդին և այն սպաներին, որոնք խմել են նրանց արյունը՝ ծեծի են ենթարկել, բռնաբարել են, գումարներ են շորթել և նվաստացրել են: Իսկ մնացածին թշնամին կարող է հաղթել գործնականում առանց մեկ կրակոցի, եթե նա մի շարք խոստումներ տա Ադրբեջանի բանակին ու ժողովրդին:
Այդ խոստումները կարող են լինել ամենուրեք տիրող կաշառակերությանը վերջ դնելը, կաշառակերներին պատժելը, Սաակաշվիլիի օրինակով ճանապարհային ոստիկանության բարեփոխումը, բենզինի գնի նվազեցումը, ժողովրդավարական, չկեղծված ընտրությունների անցկացումը, թոշակի բարձրացումը, թոշակային տարիքի նվազեցումը, փոքր բիզնեսի զարգացումը, դատական համակարգի բարեփոխումը և այլն:
Ադրբեջանցիներից ո՞վ կպատերազմի այդպիսի հակառակորդի դեմ: Անկասկած է, որ ոչ ոք՝ չհաշված նրանց, ում ձեռնտու է ներկայիս վիճակը, ով սնվում է նավթային խողովակից՝ օլիգարխները, չինովնիկները ու նրանց ստորադասները, ոստիկանները: Բնականաբար, նրանց քանակը քիչ չէ, բայց արդյոք նրանք կպատերազմե՞ն:
Պատերազմի սկսվելուց հետո ընդդիմադիր կուսակցությունները կշարունակեն քննադատել միմյանց: Մի մասը քննադատելու է մյուսին նրա համար, որ համաձայնության է եկել կառավարության հետ՝ օգտվելով պատերազմից: Իսկ երկրորդ կեսը քննադատելու է առաջինին, որ նա անտարբեր է համազգային շահերի նկատմամբ անգամ այդ պահին»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը մշտապես աչքի է ընկել ռազմաշունչ դատարկաբանություններով: 1992 թվականին Ադրբեջանի նախագահի պաշտոնում Այազ Մութալիբովին փոխարինած Աբուլֆազ Էլչիբեյն իր երդման արարողության ժամանակ հայտարարեց. «Արդեն 100 օր անց ես թեյ կխմեմ հայերից մաքրված Ստեփանակերտում, ապա ոտքերս կլվանամ Սևանա լճում»: Ընդ որում՝ հոխորտացող Էլչիբեյը խոստացել էր ինքնասպանություն գործել, եթե չիրագործի իր այդ խոստումը: Սակայն երդմնազանց ադրբեջանցին իր խոստմանը տեր չեղավ և 2000 թվականի օգոստոսի 22-ին իր մահկանացուն կնքեց Անկարայի հիվանդանոցում, ուր բուժվում էր քաղցկեղից:
2011 թվականի կեսին վրացական «Արսենալի» ռազմա-վերլուծական պարբերականի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի շարունակական գնումները, հայտարարեց, որ պատերազմի ժամանակ կարևոր դեր է խաղում ոչ միայն ռազմական տեխնիկան, այլև՝ ռազմական գործողությունների պլանավորումը:
Ի դեպ, դեռևս 2006 թվականին ադրբեջանցի ռազմական փորձագետ, կոնֆլիկտաբան, Աֆղանստանի ու Ղարաբաղի պատերազմների մասնակից Ռաուֆ Ռաջաբովը Day.az-ին տված հարցազրույցում նշեց, որ Ադրբեջանում որոշ «ուռա-հայրենասերներ» շարունակ պատերազմի վերսկսման կոչեր են հնչեցնում, սակայն նրանք մոռանում են, որ իրենց առջև կանգնած է մինչև ատամները զինված հակառակորդը։