Ախուրյան համայնքի ղեկավարը՝ սպանված ամուսինների մասին. Սպանվողը զբաղվել է կոշիկի վերանորոգմամբ
News.am-ը քիչ առաջ տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Ախուրյան գյուղի Պարույր Սևակի փողոցի տներից մեկում որդին ծնողներին գտել է դանակահարված վիճակում: 168.am-ի հետ զրույցում Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանն ասաց, որ մահացածներն ամուսիններ են. վնասվածքներ եղել են նրանց վզի շրջանում:
«Ոստիկանությունն աշխատում է, այնտեղ տարածքը փակել են, ներսում համապատասխան փորձագետներն աշխատում են, ես քիչ առաջ եկա, դեռ աշխատում էին»,- ասաց Արծրունի Իգիթյանը: Նրա խոսքով՝ այդ ընտանիքն աչքի չի ընկել «ոչ ունեցած գումարներով, ոչ էլ վատ առումով»: «Սպանվողը զբաղվել է կոշիկի վերանորոգմամբ, ինչպես նաև սպանվողի տղաներից մեկը»,- ասաց համայնքի ղեկավարը: