2013 թվականին Թուրքիայի բնակչությունն աճել է ավելի քան մեկ միլիոն մարդով
Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ 2013 թվականին Թուրքիայի բնակչությունը, 2012 թվականի հետ համեմատ, աճել է 13.7 տոկոսով՝ հասնելով 76.667.864 մարդու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վիճակագրական վարչությունը (TÜİK):
2013 թվականին Թուրքիայի բնակչությունն աճել է 1.040.480 մարդով: Արական սեռի ներկայացուցիչները կազմել են ողջ բնակչության 50.2 տոկոսը (38.473.360 մարդ), իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ 49.8 տոկոսը (38.194.504 մարդ): 2012 թվականին Թուրքիայի բնակչության աճը կազմել է 12 տոկոս:
Ստամբուլի նահանգի բնակչությունը կազմել է 14.160.467 մարդ, նրան բաժին է ընկել Թուրքիայի ողջ բնակչության 18.5 տոկոսը: Երկրորդ տեղում Անկարայի նահանգն է՝ 6.6 տոկոս (5.045.083 մարդ), ապա գալիս են Իզմիրի (5.3 տոկոս, 4.061.074 մարդ), Բուրսայի (2.8 տոկոս, 2.158.265 մարդ) ու Անթալիայի նահանգները: Հետնապահը Բայբուրթի նահանգն է՝ 75.620 մարդ:
Թուրքիայում 15-64 տարեկանները (աշխատունակները) կազմում են բնակչության 67.7 տոկոսը (51.926.356 մարդ): 2012 թվականի համեմատ՝ նրանց քանակն աճել է 0.1 տոկոսով: Մինչև 14 տարեկանների քանակը նվազել է մինչև ողջ բնակչության 24.6 տոկոսի (18.849.814 մարդ), իսկ 65 տարեկան և ավելի տարիք ունեցողների քանակն աճել է մինչև 7.7 տոկոսի (5.891.694 մարդ):
Բնակչության խտությամբ առաջատարը Ստամբուլն է, ուր մեկ քառակուսի կիլոմետրի վրա ապրում է 2725 մարդ: Այս հարցում հետնապահը Թունջելին (Դերսիմ) է՝ 11 մարդ: Միջին հաշվով Թուրքիայում մեկ քառակուսի կիլոմետրի վրա ապրում է 100 մարդ (2012 թվականին՝ 98 մարդ):
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ամռանը TÜİK-ը կանխատեսել էր, որ Թուրքիայի բնակչությունը չի կարող հասնել 100 միլիոն մարդու: Կանխատեսվում էր, որ 2020 թվականին Թուրքիայի բնակչության քանակը կհասնի 81.778.000-ի, իսկ 2025 թվականին՝ 85.407.000-ի: 2046 թվականին այն կհասնի իր գագաթնակետին՝ 92.276.000-ի։
Դրանից հետո Թուրքիայի բնակչության աճի տեմպը կանգ է առնելու և սկսելու է հետընթաց ապրել։ Արդյունքում, 2060 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակը կկազմի 88.870.000 մարդ, ինչպես որ կլինի դրանից 30 տարի առաջ (88.266.000 մարդ)։