Քանի՞ մեծ ձկան գլխից է բռնել Դերենիկ Դումանյանը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մի առիթով ասել էր, որ փնտրում է «մեծ ձկներ, որպեսզի նրանց գլխից բռնի»: 168.am-ն այսօր նախարարից հետաքրքվեց, թե իր պաշտոնավարման ընթացքում նա քանի՞ մեծ ձուկ է գլխից բռնել և ի՞նչ պատժամիջոցներ է կիրառել նրանց նկատմամբ: Ի պատասխան՝ Դ. Դումանյանը նախ ասաց, որ 2013թ. ընթացքում նախարարություն են ընդունվել նոր աշխատակիցներ: «Բերեք այդ ձկների մասը նոր ձևակերպում տանք. բերեք տեսնենք աշխատանքների որակը փոխվո՞ւմ է, թե չի փոխվում: Ես հասկանում են նաև ձեր հարցի ենթատեքստը, բայց նաև ցանկանում եմ, որ մենք գնահատենք արված աշխատանքներով և տեսնենք, թե որքանով են այս աշխատանքները շահում մեր աշխատանքների արդյունքում: Եվ բացի դրանից՝ 2014 թվականը ես համարում եմ առանցքային տարի: 2013 թվականին մեզ հաջողվեց բավականին հող նախապատրաստել 2014 թվականի աշխատանքների համար: Բնականաբար, մեր աշխատանքի գնահատականը պետք է ազգաբնակչությունը տա, մեր ժողովուրդը տա, և եթե այս տարվա ընթացքում մեզ հաջողվի ինչ-որ կերպ ազգաբնակչության վերաբերմունքը փոխել մեր համակարգի նկատմամբ, ես կհամարեմ, որ և´ խոշոր ձկների թեման ենք մենք փակում, և´ ատկատների թեման ենք փակում, որովհետև մեր վերջնական նպատակն ի՞նչ է, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորություն ունենա իրեն հասանելիք բժշկական օգնությունը լիարժեք ստանալու և որակյալ առողջապահական ծառայություններ ստանալու»,- ասաց Դ. Դումանյանը: