ՊՆ քննչական ծառայության պետը՝ հիվանդանոցում մահացած զինծառայողի մասին (տեսանյութ)
168.am-ն այսօր ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյոք Վաղարշապատի հիվանդանոցում մահացած զինծառայող Էդիկ Շահնազարյանի գործով կան ձերբակալված կամ կալանավորված անձիք: «Այս պահի դրությամբ նախաքննությունն իրականացվում է, պարտադիր կերպով ձեզ կիրազեկվի. քրեական գործով եթե նման գործողություններ լինեն, անպայման կիրազեկվեք: Առայժմ փորձաքննությունների եզրակացությունները կստացվեն»,- ի պատասխան ասաց Արմեն Հարությունյանը:
Հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր զինծառայողը, լրագրողներին ասել էին, որ Էդիկ Շահնազարյանը հիվանդանոց տեղափոխվել է արդեն մահացած վիճակում: Արմեն Հարությունյանից հետաքրքրվեցին՝ արդյոք պարզվե՞լ է, թե որտեղ է մահացել զինծառայողը:
«Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ մահվան պատճառը, ժամանակը և այլն հնարավոր կլինի պարզել դատաբժշկական փորձաքննության եզրակացության առկայության պայմաններում, որը դեռևս չի ստացվել: Կստացվի, այդ ժամանակ էլ ի հայտ կգա այն պահը, թե երբ է մահացել, ով է սխալ գործել և այլն»:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ զինծառայողի մահվան փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):